Հայաստանի «ամենաժողովրդական» բանկերից մեկը՝ «ՎՏԲ-Հայաստան բանկը», որն ունի մոտ 270 հազ. հաճախորդ, այս տարի նշում է իր բրենդի հայաստանյան շուկա մուտք գործելու 5 տարին։

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը» հիմնվել է «Հայխնայբանկի» ակտիվները ռուսական «Վնեշտորգբանկի» կողմից գնվելուց հետո։

Այսօր կայացած ասուլիսում «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը նշեց, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը» հանդիսանում է «Հայխնայբանկի» 85-ամյա բիզնես-ավանդույթների իրավահաջորդը։ Սակայն նշենք, որ կենսաթոշակային բիզնեսում, որը «Հայխնայբանկի» այցեքարտն էր, «ՎՏԲ-Հայաստան բանկը» զգալիորեն զիջել է դիրքերը։ Ներկայում բանկը սպասարկում է մոտ 50 հազ. թոշակառուների՝ իրականացնելով կենսաթոշակային վճարումների մոտ 10 տոկոսը։ Սակայն Վ. Օվսյաննիկովը հավաստիացրեց, որ ուշադրությամբ հետեւում են կենսաթոշակային բարեփոխումներին, եւ այդ շուկայում ընդլայնվելու ցանկություն ունեն։

Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան բանկը» ունի 68 մասնաճյուղ հանրապետության բոլոր մարզերում ու խոշոր քաղաքներում։ Մասնաճյուղերից 24-ը Երեւանում են։ 2011 թ. մարտի 1-ի դրությամբ «ՎՏԲ-Հայաստան բանկը» Հայաստանի բանկային համակարգում 4-րդն է ակտիվների ծավալով (մոտ 137 մլրդ դրամ կամ 370 մլն դոլար), երրորդը՝ տրամադրված վարկերով (մոտ 100 մլրդ դրամ կամ 270 մլն դոլար), երրորդը՝ շահույթով (1,3 մլրդ դրամ կամ 3,5 մլն դոլար)։