Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սոլանա Բիչ քաղաքի փոխքաղաքապետ Ջոյ Քելլեջյանի եւ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից Երեւանում եւ հանրապետության մարզերում իրականացվող ծրագրերը, հիմնադրամի նախագահ Սթենլի Լազարյանը նշել է, որ դրանք իրականացվում են մանկապարտեզների հովանավորման, կարիքավոր ընտանիքների աջակցման, տնակներում բնակվող ընտանիքների համար փրփրապլաստե տների կառուցման, բժշկական ծրագրերի իրականացման եւ մի շարք այլ ոլորտների շրջանակում:
Բարձր գնահատելով իրականացվող բարեգործական նախաձեռնությունները, քաղաքապետը նշել է, որ նման կամավոր ներդրումներն իսկապես խրախուսելի են ու անհրաժեշտ եւ առաջարկել է մասնակցել նաեւ քաղաքային տնտեսության բնագավառում քաղաքապետարանի կողմից իրականացվող գործարար հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:





























