Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը մայիսի 16-ին անցկացվել է գովազդ-շնորհանդես իսպանական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար: Գովազդ-շնորհանդեսի նպատակն էր Հայաստանը որպես նոր, դեռ լիովին չբացահայտված տուրիստական վայր ներկայացնելը եւ իսպանացի զբոսաշրջիկների համար կանոնավոր այցելավայր դարձնելը:
Հանդեսին ներկա են եղել նաեւ Հայաստան այցելել ցանկացող շուրջ 50 անհատական զբոսաշրջության երկրպագուներ, որոնց միջավայրում իսպանական Tailored design travelling էլիտար անհատական տուրեր կազմակերպող գործակալությունը տարածել էր Հայաստանի պատմաճարտարապետական կոթողների եւ բնության տեսարժանությունը գովազդող նյութեր, որոնք տրամադրվել էին Հայաստանի դեսպանության կողմից:
Իսպանացի հայագետ, գիտությունների դոկտոր Ֆերնանդո Լաբադը, հեռուստաէկրանին ցուցադրելով «Հայաստանի հրաշալիքները» խորագրով լուսանկարների տեսաշարը, խոսել է Հայաստանի հինավուրց պատմության, մշակույթի, եկեղեցու, լեզվի, այբուբենի, ազգային ավանդույթների մասին: Բանախոսները պատասխանել են ներկաների բազմաթիվ հարցերին:
Ըստ տուրիստական գործակալների հավաստումների, վերջին մի քանի ամսում Հայաստան այցելած եւ այցելել ցանկացող իսպանացի զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է:




























