Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր աշխատանքային շրջայցը Նորք Մարաշ վարչական շրջան սկսել է 13-րդ փողոցից, որտեղ շրջանի միակ ֆուտբոլի դաշտը գտնվում է անմխիթար վիճակում: Տարածքը ոռոգման, հանդերձարանների կառուցման եւ բարեկարգման կարիք ունի: Ծանոթանալով պայմաններին, քաղաքապետը հանձնարարել է մշակել ֆուտբոլի դաշտի բարեկարգման համալիր ծրագիր:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ վարչական շրջաններից յուրաքանչյուրում կստեղծվեն ժամանցային եւ մշակութային ուղղվածությամբ փոքր կենտրոններ: Նորք Մարաշում բնակիչների ժամացի կազմակերպման յուրօրինակ վայր կդառնա Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը:
Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ այս վարչական շրջանում գործող 86 հասարակական նշանակության օբյեկտներից աղբահանության պայմանագրեր են կնքել միայն 25-ը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կարգավորել խնդիրը եւ բոլորին բերել պայմանագրային դաշտ:





























