Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մայիսի 18-ին այցելել է Գյումրիում կառուցվող նոր բժշկական կենտրոն, որի շինարարության նախագիծը նախկինում իրեն դուր չէր եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 6-ին Հարություն Քուշկյանն այցելել էր Գյումրի եւ ծանոթանալով նոր բժշկական կենտրոնի շինարարությանը, հայտարարել էր, որ իրեն դուր չի եկել նոր կառուցվող բժշկական կենտրոնի նախագիծը, եւ հրահանգել էր, որ այն պետք է ենթարկվի փոփոխության: Մասնավորապես նախարարը նշել էր, որ կառուցվող հիվանդանոցը պետք է սպասարկի ե’ւ մեծահասակներին ե’ւ մանկահասակներին: Նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ հիվանդանոցը 200 մահճակալ հզորությամբ է լինելու, ուր տեղակայվելու են Գյումրիի Գյուլբենկյանի անվան Վիրաբուժական, «Սամարիթեր» եւ Մարզային հիվանդանոցները:
Այսօրվա այցի ժամանակ նախարարը կրկին այցելել է շինարարության վայր եւ տեսել, որ իր նշած փոփոխությունները կատարվել են նախագծում: Շուշան Հունանյանի խոսքով` Հարություն Քուշկյանը նոր հանձնարականներ է տվել, որոնք միտված են բժշկական սպասարկման որակի բարձրացմանը եւ ժամանակին հիվանդանոցը շահագործման հանձնելուն:
Նշենք, որ բժշկական կենտրոնը կառուցվում է Համաշխարհային բանկի եւ կառավարության միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում: Նախատեսված է` շինարարությունը ավարտել 2012թ: Ծրագրվել է նաեւ նման բժշկական կենտրոններ կառուցել նաեւ տարբեր մարզերում:





























