Արաբական թերակղզում հայտնաբերվել են եգիպտական բուրգերից հին քարե կառույցներ: Դրանք հայտնաբերվել են 2017 թվականին, սակայն բացահայտման մասին հաղորդվել է միայն վերջերս, փոխանցում է Planet Todayը:
Սաուդյան Արաբիայի Մեծ Նեֆուդ անապատի հարավում գտնված մուստատիլների մասշտաբային հետազոտության արդյունքները հրապարակել է հետազոտողների խումբը, որը ղեկավարում է Գերմանիայի Մաքս Պլանկի ինստիտուտից Հյու Գրոուկատը:
«Մենք այցելել ենք ամենատարբեր վայրեր եւ մուստատիլներ հայտնաբերել նույնիսկ հրաբխային լանջերում: Ուսումնասիրված օբյեկտների չափերը տատանվել են 15-600 մ»,-ասել է նա՝ նշելով, որ դրանք կառուցվել են մ.թ.ա. 5000թ.: Որպես համեմատություն՝ եգիպտական ամենահին բուրգը՝ Ջոսերի բուրգը, կառուցվել է մ.թ.ա. 2648թ.:
Հնագետները դեռ չգիտեն՝ ինչի համար են նախատեսված եղել մուստատիլները: Այն ենթադրությունները, որ դրանք կարող էին օգտագործվել կենդանիներ պահելու համար, հերքվել են, քանի որ կառույցները չափազանց ցածր են եղել: Որոշ մասնագետներ կարծում են, որ դրանք օգտագործվել են ծիսական նպատակներով, սակայն դրա մասին խոսելը դեռ վաղ է:





























