Նոր Զելանդիայի դատարանը Քրայսթչերչից հրաձիգին՝ 29-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ պայմանական ազատվելու իրավունքի, հայտնում է Reuters-ը։
Թարանթի մեղքը հաստատվել է սպանության 51 մեղադրանքով, դիտավորյալ սպանության 40 մեղադրանքով եւ Քրայսթչերչի 2 մզկիթում հրաձգությամբ ահաբեկչական հարձակման մեկ մեղադրանքով։
Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի դատավոր Քամերոն Մանդերը հայտարարել է, որ անգամ ցմահ ազատազրկումը ամբաստանյալի համար անբավարար պատիժ է։
Թարանթին դիմելով՝ դատավորը նաեւ նշել է, որ ամբաստանյալը բացարձակապես զուրկ է իր զեհերի հանդեպ որեւիցե կարեկցանքից, ինչին Թարանթը ոչ մի կերպ չի արձագանքել։
Թարանթը դատարանում անձամբ ելույթ չի ունեցել, սակայն նրա փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի առարկում առանց վաղաժամկետ պայմանական ազատվելու իրավունքի դատավճռի դեմ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 15-ին Քրայսթչերչում (Նոր Զելանդիայի Հարավային կղզի) տեղի էր ունեցել հրաձգություն, որի հետեւանքով զոհվել էր 51 մարդ, եւս 50-ը տուժել էր։ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում էր որակել։ Սպանության մեղադրանքներ էին առաջադրվել 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթին։ Նա մզկիթներից մեկում հարձակումը տեսանկարել էր եւ համացանցում ուղիղ հեռարձակում անցկացրել։ Ավելի ուշ տեսագրությունները հեռացվել էին։





























