Նույնիսկ քննադատության ֆոնին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բնակչության շրջանում բավականին մեծ վարկանիշն ունի՝ 60 տոկոս։ Այս մասին օգոստոսի 27-ին «Համաճարակի շրջանում պետության սոցիալական քաղաքականությունը․ այն քաղաքացիների շահերի շրջանակո՞ւմ է արդյոք» թեմայով քննարկման ժամանակ ասաց սոցիոլոգ Սամվել Մանուկյանը՝ ներկայացնելով 2020 թվականի հունիսի հետազոտության տվյալները։

Նրա խոսքով՝ 5-10 տարի առաջ երկրում ոչ մի պաշտոնյա նման ցուցանիշներով չէր կարող պարծենալ։ Նա շեշտեց, որ ընդհանուր առմամբ բնակչության շրջանում դեռեւս կա իշխանությունների հանդեպ վստահության որոշակի պաշար, չնայած այն հանգամանքին, որ համակարգային խնդիրների լուծման տեսակետից զգացվում է Կառավարության անփորձ լինելը։ «Հետազոտության համաձայն՝ բնակչության 30 տոկոսը եւս վեց ամիս Հայաստանում ընթացող գործընթացներն ընդունելի կհամարի, 20 տոկոսը այդպիսի դիրքորոշում կունենա եւս մեկ տարի, եւս 20 տոկոսը՝ 1,5 տարի»,- ամփոփեց Մանուկյանը։

Նշենք, որ վերջին օրերին ակտիվորեն տեղեկություններ են տարածվում առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանի հնարավոր հրաժարականի մասին։