Եվրոպական 15 քաղաք, այդ թվում Երեւանը համախմբվել են մեկ գաղափարի շուրջ. աշխարհի տարբեր անկյուններում գտնվող այդ քաղաքներում մայիսին կկազմակերպվի «Գրական գիշեր» նախաձեռնությունը, որի նպատակն է տեղի հասարակությանը ներկայացնել Եվրոպական ժամանակակից գրականությունը:

«Գրական գիշեր» նախաձեռնությունը կազմակերպում է Չեխական կենտրոնները EUNIC-ի (Եվրամիության մշակութային ազգային կենտրոնների միություն) հետ համագործակցությամբ, որին այս տարի միացել է նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը` ներկայացնելով «Գրականության օր» միջոցառումների շարքը:

Այս միջոցառման շրջանակում մայիսի 20-ին ժամը 12-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը կհանդիպի 13-14 տարեկան պատանիների հետ: Դեսպանը նրանց համար կընթերցի Ժյուլ Վեռնի «Ուղեւորություն դեպի երկրի կենտրոն» ստեղծագործությունը, որից հետո տեղի կունենա քննարկում: Միջոցառումից հետո Բրիտանական խորհուրդը գրադարանին կտրամադրի անգլերեն գրքեր:

Հաջորդ օրը` մայիսի 21-ին ժամը 12-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ստեղծագործական սրահում պատանի ընթերցողների հետ կհանդիպեն Երեւանում Բրիտանական դեսպանատան հյուպատոս Ջենիս Լիթլը եւ դեսպանատան կցորդ Մայքլ Դրեյը: Դեսպանատան աշխատակիցներն աշակերտների համար կընթերցեն գրական ստեղծագործություններ: Քննարկումներից հետո դպրոցականներն Ստեղծագործական սրահին կից բացօթյա հարթակում իրենց տպավորությունները թղթին կհանձնեն եւ նկարներն այնուհետեւ կնվիրեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնին: Աշակերտներից յուրաքանչյուրին Բրիտանական խորհուրդը կնվիրի անգլերեն գրքեր:

«Գրական գիշեր» նախաձեռնությունը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում` ներգրավվելով գրողների եւ դերասանների, քաղաքական գործիչների եւ մտավորականների: Այս ծրագրի շրջանակում տարվա մեջ մի քանի օր շարունակ մասնակից երկրներում միաժամանակ տեղի է ունենում ընթերցանությանն ու գրականությանը նվիրված միջոցառումներ` այսպիսով մեկ անգամ եւս կարեւորելով գրականության դերը միջմշակութային երկխոսության գործում: