«Ժառանգություն» կուսակցության կողմից մայիսի 21-ին կազմակերպված քաղաքացիական ժողովը լինելու է հանգրվանային: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 19-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` այդ օրը տեղի ունեցող հանրային բանավեճի արդյունքում կմատնանշվեն ներկա հանրային մարտահրավերների լուծումները։
«Ժառանգության» հիմնադիրը քաղաքացիական ժողովի ժամանակ, որի մուտքն ազատ է, կարճ ելույթ է ունենալու, եւ ավելի շատ լսողի դերում է հանդես գալու: Այդ ժողովի ժամանակ բարձրացվող խնդիրներից, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, պարզ կդառնա, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի «Ժառանգությունը» հասարակության հետ միասին։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ «Ժառանգությունը» այլ ուժերի, մասնավորապես ՆԺԿ-ի, ԺԿ-ի, ՀՌԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ գաղտնի հանդիպումներ է անցկացնում` դաշինք կազմելու մտադրությամբ, որը հետագայում գլխավորելու է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բանախոսն ասաց. «Նման հանդիպումներ տեղի չեն ունեցել, ընթացել է քաղաքացիական, հասարակական, քաղաքական զրուցակիցների հետ հանդիպում»։ Հովհաննիսյանի խոսքով` բացառվում է գաղտնի հանդիպումների արդյունքում դաշինքի ձեւավորումը: «Մեր օրակարգում դաշինք, բեւեռ ստեղծելու խնդիր չկա»,-ասաց նա։





























