Ֆիսկալ քաղաքականության փոփոխությունը եւ կապիտալ շինարարության ծավալների մեծացումը ճգնաժամի հաղթահարման բանալին են։ Նման տեսակետ ունեն փորձագետները։ Ինչպես այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտնեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, հիմնական հարցը, որը պետք է լուծի պետությունը, կապիտալ շինարարության ապահովումն է։ «Սա ակնհայտ է։ Մասնավոր հատվածում շինարարության ծավալների անկումը պետք է փոխհատուցվի պետության կողմից կապիտալ շինարարության ծավալների մեծացմամբ։ Սա հիմնարար նշանակության քայլ է»,- վստահ է տնտեսագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում նաեւ անհրաժեշտ է անցկացնել ավելի ակտիվ դրամա-վարկային քաղաքականություն։ «Իրականում ստեղծվել է աղետալի իրավիճակ։ Երկիրը ճգնաժամի մեջ է, իսկ սպառողական գների ինդեքսը մոտ է զրոյին, բայց մենք չենք ընդունում հակացիկլիկ դրամա-վարկային քաղաքականության մեխանիզմներ»,- հայտարարեց նա։
Ջրբաշյանը վստահ է , որ Հայաստանն այս փուլում պետք է անցկացնի էքսպանսիոնիստական դրամա-վարկային քաղաքականություն։ Խթանող դրամա-վարկային քաղաքականության անցկացումը եւ կապիտալ շինարարության ոլորտում պետության կողմից անցկացվող աշխատանքների ծավալների մեծացումը։ «Սրանք են երկու հիմնական ուղղությունները, որտեղ անհրաժեշտ է կենտրոնացնոել մեր գործողությունները»,- վստահ է նա։





























