Տիեզերական մասշտաբներով փոքր կամ չնչին երեւույթը կարող է մարդկության համար լուրջ հետեւանքներ ունենալ։ Ցանկացած մագնիսական շեղում, որ տեղի է ունենում մարդուն շրջապատող աշխարհում, անմիջականորեն ազդում է մարդու վրա։ Այսինքն, անհնարին է, որ տիեզերքում կատարվող փոփոխությունները երկրագնդի վրա արտահայտություններ չունենան։

Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ-ի Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ ուսումասիրությունները ցույց են տալիս, որ Արեգակի վրա պոռթկումից որոշ ժամանակ անց ավելանում են սրտանոթային հիվանդությունները։ Իսկ մի շարք հետազոտություններ, ուղղակի  ապացուցում են արեգակնային ակտիվության եւ ինֆեկցիոն հիվանդություների միջեւ կապը։

«Այսինքն՝ մենք ապրում ենք ոչ թե փակ համակարգում, այլ երկրագնդի վրա, ուստի տիեզերքում կատարվող անգամ ամենաչնչին փոփոխությունը այս կամ այն կերպ ազդում է մեզ վրա»,-ասաց Ա. Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ վերջին տասնամյակում մոտ 30 տոկոսով բնական աղետները աճ են արձանագրել, ինչը նշանակում է, որ մեր երկրագնդային համակարգում ինչ-որ մի փոփոխման շրջան է։

«Այն տարածքները որտեղ երբեք աղետներ չեն եղել, այսօր ջրհեղեղ է, շատ տեղերում երկրաշարժներն են շատացել ու ավերիչ բնույթ ստացել։ Այս ամենը վկայում է այն մասին, որ տիեզերական համակարգում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ազդեցությունն ուղղակի անխուսափելի է»,-ասաց Ա. Սաղաթելյանը։ Գիտնականի խոսքով՝ հաճախ որպես աղետների պատճառ մատնանշում են մարդկային գործոնը, սակայն իրականում մարդկությունը շատ ավելի չնչին ազդեցություն ունի` տիեզերական ուժերի համեմատ։