Ես չեմ առաջադրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար, չեմ էլ առաջադրվի, եթե նոր ընտրություն հայտարարվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ հիմա կա 5 թեկնածու՝ ՌԴ-ից դոկտոր պրոֆեսոր Պավել Գրիգորյանը, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, դոկտոր պրոֆեսոր Վահրամ Դումանյանը, դոկտոր պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:
«Պատճառներ շատ կան, բայց ես սկզբունքային դիրքորոշում ունեմ, որ ռեկտորը պետք է լինի նշանակովի:
Ես ասում եմ, որ փաստացի ռեկտորի բոլոր ընտրությունները եղել են նշանակովի: Գաղտնիք չէ, որ բոլոր ռեկտորները, ոչ միայն ԵՊՀ-ի, պետք է ունենան իշխանության աջակցությունը: Իշխանությունը պետք է նշանակի. Սա պետական բուհ է, որի սեփականատերը պետությունն է: Այդպես չի լինում, որ որեւէ տնտեսվարող, ծառայություն մատուցող որեւէ կազմակերպության գործերը տնօրինի ոչ սեփականատերը, դա անբնական է: Երբ ասում են՝ ինքնավարություն, այդտեղ պայքարը մի աստիճան իջնում է, ուղղակի գնում է կռիվ ընտրիչներին ընտրելու հարցում, որը բերում ոչ այնքան առողջ հարաբերությունների»,-հայտարարեց նա:
Հարցին, թե արդյոք իր բոլոր գործողությունները համաձայնեցրել է իշխանության հետ, ենթարկվել ենք նրանց, Գեղամ Գեւորգյանն արձագանքեց. «Եթե նույնիսկ մեծ ցանկություն ունենայի իմ բոլոր քայլերը համաձայնեցնել նախարարության հետ, հավատացեք, նախարարներն այդքան ժամանակ չունեն»:



























