Այսօր գունավոր հեղափոխությունները հեղաշրջումներ կազմակերպելու տեխնոլոգիաներ են, որոնք օգտագործում են բողոքական շարժումները, առաջին հերթին` երիտասարդական: Դրանք կառուցված են ցանցային հատուկ սկզբունքով` որպես գործիք ներկայիս կառավարությանը շանտաժի ենթարկելու համար: Այս մասին սեպտեմբերի 2-ին «Թավշյա հեղափոխությունները հետխորհրդային տարածքում. Ծագումը եւ հետեւանքները» թեմայով Մոսկվա-Մինսկ-Երեւան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, Կոնֆլիկտաբանների ասոցիացիայի նախագահ, տեղեկատվական եւ հիբրիդային հակամարտությունների մասնագետ Անդրեյ Մանոյլոն:
Այս տեխնոլոգիան, նրա խոսքով, օգտագործվում է իշխանությունը բռնազավթելու եւ պահելու համար: «Գունավոր հեղափոխությունների հետեւում այլ բան չկա: Դա սոցիալական բունտ չէ, դա ինքնաբուխ երեւույթ չէ, դա քաղաքական բողոք չէ: Դրանք տեխնոլոգիաներ են, եւ, համապատասխանաբար, եթե կան տեխնոլոգիաներ, ապա կան նաեւ տեխնոլոգիաներ, որոնք կանգնած են ցանկացած գունավոր հեղափոխության հիմքում: Այն դեպքերում, երբ որոշակի երկրում զանգվածային բողոքների գործընթացներ են սկսվում, որոնք հանգեցնում են քաղաքական բողոքների, նույնիսկ եթե դրա համար օբյեկտիվ հիմքեր կան, այդ բողոքների մեջ կարելի է գունավոր հեղափոխությունների բազային սխեմայի որոշակի հատկանիշներ տեսնել, որոնք մաքուր տեսքով, առանց մանրադիտակի կարելի էր տեսնել, ասենք, Հարավսլավիայում «բուլդոզերային հեղափոխության» ժամանակ: Այնտեղ այն կիրառվել էր առանց որեւէ անտուրաժի եւ քողարկման: Այս պարագայում հեղափոխական ցանկացած գործընթացների եւ փոփոխությունների մասին խոսելու անհրաժեշտություն չկա: Դա քաղաքական ինժեներիայի արդյունք է»,- պարզաբանել է Մանոյլոն:
Եզրափակելով` փորձագետը նշեշ է, այս սխեման ստեղծվել է ԱՄՆ-ում: Այն ստեղծվել է հենց իրենց համար, եւ հետեւաբար, երբ այս սխեման կիրառվում է այլ մշակութային իրողություններում, հայտնվում են որոշ լրացումներ եւ փոփոխություններ, որոնք թույլ են տալիս փոփոխել այն, սակայն` ոչ շատ լուրջ:





























