Թերթը գրում է, որ Իսրայելի Կնեսետի մայիսի 18-ի լիագումար նիստում տեղի ունեցած քննարկումներն ու քվեարկությունը որեւէ կասկած չեն թողնում, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը սկսել է օգտագործել որպես Թուրքիայի իսլամական իշխանություններին ուղղված լուրջ եւ սպառնալից նախազգուշացում:

«Նման նախազգուշացումը բավական վճռական է ու միանշանակ, քանզի գոյություն ունեն լրջագույն պատճառներ, որոնք իրականում որեւէ կապ չունեն Հայոց ցեղասպանության ճանաչման կամ Հայաստան-Իսրայել հարաբերությունների օրակարգի հետ։

Բանն այն է, որ շուտով լրանալու է Գազայի շրջափակումը ճեղքելու համար անցած մայիսին դեպի Միջերկրական ծովի արեւելյան ափերն ուղեւորված միջազգային հայտնի նավատորմիղի հետ կապված արկածի մեկ տարին։ Այդ ժամանակ իսրայելական բանակի զինվորականների հետ բախման ժամանակ սպանվեցին Թուրքիայի քաղաքացիները։ Անկարան լայնորեն օգտագործեց հիշյալ փաստը Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար։

Եւ ահա այս անգամ նույնպես թուրքական կողմի ակտիվ մասնակցությամբ, եւ կրկին՝ չարաբաստիկ «Մավի Մարմարա» նավի ուղեկցությամբ Իսրայելի ափերին է պատրաստվում մոտենալ մի նոր նավատորմիղ։ Այս առիթով արդեն խորհրդակցություններ են տեղի ունեցել Իսրայելի ղեկավարության շրջանում եւ հստակ ցուցումներ են տրվել երկրի ռազմածովային ուժերին Գազայի շրջափակման ճեղքումը բացառելու շուրջ։

Ստացվում է, որ մոտ մեկ տարի Իսրայելից ներողություն պահանջող Թուրքիան նորից է կրկնում իր քաղաքացիներին հարվածի տակ դնելու եւ արաբական աշխարհում քաղաքական շահաբաժիններ կորզելու սադրիչ մարտավարությունը։

Եւ որպես դրա հետեւանք, ռազմական բնույթի նախապատրաստություններին զուգահեռ, Իսրայելը սկսում է «շոշափել» նաեւ Թուրքիայի «աքիլլեսյան գարշապարը»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը։

Դատելով մայիսի 18-ին տեղի ունեցած քննարկումից, որին մասնակցեցին նաեւ Կնեսետի ղեկավարը եւ իշխող քաղաքական կոալիցիայի նախագահը, Իսրայելի խորհրդարանում կան բոլոր պայմանները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Ուստի հարցը փոխանցվել է կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողով, որից հետո կվերադառնա լիագումար նիստ։

Բայց քանի որ ճանաչման օգտին են հանդես եկել ոչ միայն Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծած Զախավա Գալյոնը՝ «Մեերեց» կուսակցությունից, այլեւ խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեվ Էլկինը («Լիկուդ» կուսակցություն), ապա ակնհայտ է, որ հարցը քվեարկության դրվելու դեպքում անկասկած հարցը դրական լուծում կստանա։

Հատկանշական է սակայն, որ խորհրդարանական քննարկման ժամանակ Իսրայելի արտգործնախարարության հայտնած տեսակետը տարբերվել է ներկաների միահամուռ դրական կեցվածքից։ Արտգործնախարարությունը շարունակում է պնդել, որ հարցը պետք է քննարկել պաշտպանության ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, այսինքն՝ դռնփակ պայմաններում։ Չնայած դրան, Իսրայելի օրենսդիր իշխանության փաստորեն բոլոր ներկայացուցիչները կողմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովում քննարկելու եւ դրական լուծում տալու առաջարկին։

Ստացվում է, որ Թուրքիայի կողմից կազմակերպվող հերթական հակաիսրայելական շոուի պայմաններում այդ երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանությունները յուրահատուկ «դերաբաշխումներ» են իրականացրել։ Այն է՝ բանակը՝ կասեցնելու է «թուրք իրավապաշտպանների» մուտքը Գազայի գոտի, իսկ արտգործնախարարությունը շարունակելու է կապ պահպանել Թուրքիայի իր գործընկերների հետ, Կնեսետի հանձնաժողովն էլ, իր հերթին, քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»,- գրում է «Հայոց աշխարհը»։