NEWS.am-ը ներկայացնում է «Ադրբեջանի էթնոքաղաքական խճանկարը» հրապարակումների շարքը, որը նվիրված է Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգերին: Հրապարակումների առաջին մասը նվիրված է քրդերին: Հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Մաս չորրորդ:
Քրդերի ադրբեջանականացման գործընթացն ու դրա արդյունքները
1930-ականների սկզբում աշխարում տեղի են ունեցել խորքային աշխարհաքաղաքական փոփոխություններ, ակնհայտ էր, որ նոր համաշխարհային պատերազմն անխուսափելի է։ Այդ համատքեստում առաջատար գերտերությունները, այդ թվում՝ ԽՍՀՄ-ը, ձեռնարկել են մի շարք ռազմաքաղաքական գործողություններ այդ իրադարձություններին նախապատրաստվելու համար։ Դրանցից մեկն էր նոր ադրբեջանական ազգության ստեղծումը, որում պետք է ընդգրկվեին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բոլոր մահմեդական ժողովուրդները։ Սկսվել էր փոքր ժողովուրդներին ձուլելու բռնի գործընթացը, որը համակարգվում էր խորհրդային կենտրոնի կողմից, սակայն իրականացվում տեղում հենց Ադրբեջանի կողմից։
Ձուլումը, իսկ ծայրահեղ դեպքում՝ դրա պաշտոնական բաղադրիչը, ընթացել է բավականին բարեհաջող եւ կարճ ժամկետներում։ 1937 թվականի մարդահամարի արդյունքում Արդբեջանի ԽՍՀ-ում քրդերի թիվը կազմել է 10,8 հազար մարդ, մինչդեռ 1921 թվականին միայն Արդբեջանի ԽՍՀ գյուղական համայնքներում հաշվարկվում էր 32,780 մարդ, իսկ 1926-ին Ադրբեջանում քրդերի թիվը կազմում էր 41 հազար մարդ՝ հանրապետության բնակչության 1,8 տոկոսը։ 1939 թվականին մնացել էր ընդամենը 6 հազար քուրդ (0.2 տոկոս), 1959-ին՝ 1,5 հազար, իսկ 1970-ին՝ 5,5 հազար (0.1) տոկոս։ 1979 թվականի մարդահամարից հետո հայտարարվել էր, որ Ադրբեջանում քրդեր չկան։
Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի հարեւան Հայաստանում եւ Վրաստանում 1920 թթ․ կեսերից քրդերի թիվն ավելացել է 3-5 անգամ։ Մինչդեռ Ադրբեջանում քրդերն ընդհանուր առմամբ դասվում էին գյուղաբնակների շարքին ծնելիության բարձր մակարդակով։ 1989 թվականին ԽՍՀՄ մարդահամարի արդյունքում պարզ էր դարձել, որ քրդերը դարձյալ հայտնվել էին երկրում, եւ նրանք կազմում էին ավելի քան 12 հազար մարդ ամբողջ Ադրբեջանի տարածքում, որոնց ճնշող մեծամասնությունը չէր տիրապետում մայրենի լեզվին։
Նոր ադրբեջանական ազգության մեջ քրդերի այդչափ արագ ձուլումն ուներ օբյեկտիվ նախադրյալներ՝ նախ կապված Ադրբեջանում քրդերի մի շարք առանձնահատկությունների հետ։ Ի տարբերություն Ադրբեջանի այլ ժողովուրդների՝ քրդերը հիմնականում վարում էին քոչվորական կենսակերպ եւ ցրված էին հանրապետության ողջ տարածքով։ Ադրբեջանի ժողովուրդներից առավելապես թրքացել էին հենց քրդերը։ Նրանք նաեւ առավել մոբիլն էին քոչվոր կենսակերպ վարող ժողովուրդների շրջանում, եւ նրանց միգրացիան շարունակվել էր անգամ Անդրկովկասը Ռուսաստանին միանալուց հետո։ Միգրացիայի տարբեր ալիքներով ժամանած քրդերն անգամ չնչին ազգակցական կապեր չունեին ավելի վաղ ժամանած իրենց հայրենակիցների հետ։ Դեռ ավելին, Ադրբեջանի քրդերը, ի տարբերություն Հայաստանի քրդերի, ունեին առավել ցածր էթնո-ազգային ինքնագիտակցություն։
Ադրբեջանի քրդերի մոտ նաեւ ձեւավորվել էր բավականին սպեցիֆիկ սոցիալական կառուցվածք, հատկապես, «էլիտա-լայն զանգվածներ» կտրվածքով։ Քուրդ էլիտան, ինչպես արդեն ասված է, գործնականում կիրառել է Սալադինի ռազմավարությունն ու թուրքացվելով, փաստորեն, զբաղեցրել է գլխավոր դիրքերից մեկը նախահեղափոխական Ռուսաստանում եւ մուսավաթական Ադրբեջանում Կովկասի մահմեդականների շրջանում։ Բոլշեւիկների հաղթանակից եւ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո այդ էլիտայի ներկայացուցիչները դասակարգային պայքարում պարտության արդյունքում հեռացել էին տարածաշրջանից կամ ամբողջովին կորցրել էին իրենց ազդեցությունը։ Իսկ նոր պրոլետարական քրդական էլիտա դեռեւս չկար։ Կարմիր Քրդստանը գոյատեեւց բավականին կարճ ժամանակաշրջան, եւ չէր կարող այդ մի քանի տարվա ընթացքում ձեւավորվել ինքնուրույն ազգային էլիտա։
Դեռ ավելին, Ադրբեջանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի քրդերը երբեք չեն ունեցել անկախ պետականություն, սեփական ուժերով սեփական էլիտան ստեղծելու փորձ։ Առանց արտաքին օգնության նրանք դա պարզապես չէին կարող անել, առավելեւս այդպիսի կարճ ժամանակահատվածում։ Դա նաեւ բավականին լուրջ մարտահրավեր էր Խորհրդային Ադրբեջանի քրդերի համար, հատկապես, երբ սեփական ազգային էլիտա ստեղծելու համար արտաքին աջակցությունը դադարեցվել էր եւ առաջին պլանում էր քուրդ ժողովրդին ձուլելու աշխարհաքաղաքական անհրաժեշտությունը։
Ստեղծված իրավիճակում քուրդ ժողովուրդը պետք է ընտրեր իր հետագա գոյատեւման համար ուղիներ։ ԽՍՀՄ-ում ակտիվորեն ձեւավորվում էր նոր պրոլետարական էլիտան եւ քուրդ ժողովրդի ներկայացուցիչները այդտեղ ամենաակտիվ մասնակցությունն էին ցուցաբերում։ Եւ դարձյալ ընտրվել էր Սալադինի էթնոքաղաքական ռազմավարությունը։ Քուրդ ժողովրդի ներկայացուցիչները սկսել էին ձեւավորել նոր ադրբեջանական էլիտան։ Դրա կայացման եւ Ադրբեջանում հատկապես քաղաքական հարթության մեջ բարձր դիրքեր զբաղեցնելու համար անհրաժեշտ էր ժամանակ։ Հենց այդ պատճառով Կարմիր Քրդստանի չեղարկումից հետո մի քանի տասնամյակ անց Ադրբեջանական ԽՍՀ-ի իշխանական բարձր դիրքերում մեծամասամբ քրդեր էին։
Սակայն իրավիճակը փոխվել է 1950-1960-ական թվականներին։ Հենց այդ ժամանակ քուրդ ժողովրդի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանի ԽՍՀ բարձր իշխանության կազմում եւ ամրապնդել իրենց դիրքերը՝ առ այսօր մնալով այդ երկրի իշխանության ղեկին։ Էթնիկ քրդերի շրջանում այնպիսի քաղաքական գործիչներ էին, ինչպես Մամեդ Իսկանդերովը, էնվեր Ալիխանովը, Արիֆ Հեյդարովը, Քյամրան Հուսեյնովը, Սուլեյման Ռագիմովը եւ այլոք։ Մամեդ Իսկանդերովը Բաքվի քաղխորհրդի առաջին քարտուղարն էր (1953-1954թթ․), Ադրբեջանի ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ (1959-1961 թթ.), Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1961-1969 թթ.)։ էնվեր Ալիխանովը փոխարինէլ է Մամեդ Իսկանդերովին Ադրբեջանի ԽՍՀ կառավարության ղեկավարի պաշտոնում 1961-1970 թվականներին։ Արիֆ Հեյդարովը եղել է Սդրբեջանի ներքին գործերի նախարար 1970-1978 թվականներին նախքան իր սպանությունը։ Քյամրան Հուսեյնովը զբաղեցրել է Ադրբեջանի կառավարության փոխնախագահի պաշտոնը 1968-1980 թվականներին։ Սուլեյման Ռագիմովը եղել է Ադրբեջանի ԽՍՀ գրողների միության նախագահ (1939-40 եւ 1954-57 թթ.)։
Սակայն, իհարկե, քուրդ ժողովրդի ներկայացուցիչներից ամենաբարձ քաղաքական ձեռքբերումներն է գրանցել Հեյդար Ալիեվը՝ դառնալով հանրապետության ղեկավար։ Մի շարք հետազոտողներ համարում են, որ նա ազգությամբ քուրդ է։ Հեյդար Ալիեւի օրոք բազմաթիվ էթնիկ քրդեր զբաղեցրել են առանցքային պաշտոններ Ադրբեջանում։ Փաստորեն, Սալադինի էթնոքաղաքական ռազմավարությունը դարձյալ տվել է իր պտուղները, ընդ որում՝ այն ցույց է տվել իր արդյունավետությունն ամենատարբեր էթնոքաղաքական հանրույթներում եւ սոցիալ-տնտեսական կազմավորումներում՝ ֆեոդալիզմից մինչեւ կապիտալիզմ եւ սոցիալիզմ։
Այդկերպ, քրդական հարցն Ադրբեջանում լուծվել է բավականին ինքնատիպ կերպով։ Մի կողմից՝ չեզոքացվել է քրդական պետականությունը, քրդերը ձուլվել են, մյուս կողմից՝ էթնիկ քրդերը զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ այդ հանրապետության քաղաքական օլիպմում։ Այդկերպ, ադրբեջանական իշխանության քրդական սեգմենտը լուրջ վտանգ էր սպառնում քրդական պետականության վերականգնման եւ այդ հանրապետությունում իրենց իրավուքնների համար քրդերի պայքարի համար։ Այդպիսի պայքարը կստեղծեր լուրջ խնդիրներ իրենց իշխանությունը պահպանելու համար քրդական կլանի ներկայացուցիչների շրջանում։ Տրամաբանությունը շատ պարզ է։ Ինչո՞ւ պայքարել, օրինակ, Կարմիր Քրդստանի վերականգնամ համար, եթե քրդերը եղել են ամբողջ Ադրբեջանում իշխանության ղեկին։ Ուստի իշխանությունը ներկայացնող քրդերն իրենք էին դեմ դրան՝ դրանում տեսնելով իրենց հնարավորությունների կրճատում, ինչպես նաեւ սպառնալիք Ադրբեջանում բարձր դիրք զբաղեցնելու հարցում։ Այդ պատճառով Ադրբեջանում քրդական քարտեզի վերակենդանացումը դեռեւս իրականացվել է միայն արտաքին ուժերի կողմից։
Պետք է ասել, որ Ադրբեջանում քրդական քարտեզի որոշ տարրեր, այնուամենայնիվ, պահպանվել են։ Բավականին ուշագրավ ֆենոմեն էր այն, որ նախքան 1960-ականների սկիզբը Կարմիր Քրդստանի նախկին վարչական կենտրոնում՝ Լաչին քաղաքում, լույս էր տեսնում «Խորհրդային Քրդստան» թերթը։


Պարզ է, որ Բաքուն շատ կցանկանար փակել այդ թերթը կամ առնվազն փոխել դրա անվանումն, ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել են։
Սակայն այդպիսի հնարավորություն ընձեռնվել էր 1962 թվականին։ 1962 թվականի նոյեմբերի 7-ին լույս տեսած համարում՝ առաջին էջի ամենավերեւում տպագրվել էր հետեւյալ կարգախոսը․ «Կեչան գուլլարա գյուն չաթմազ» (ոչ մի օր չի կարող համեմատվել անցած օրերի հետ)։ Այդ գրառումը խորիմաստ էր, արտացոլում էր Կարմիր Քրդստանի կարոտը, այն վերացնելու որոշման, քրդերի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության հետ անհամաձայնությունը եւ այլն։ Արդյոք թերթի աշխատակիցներն արել էին դա սեփական նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով շրջանի բնակչությունը, թե դա ադրբեջանական իշխանությունների լավ մտածված սադրանք էր, բարդ է ասել։ Բաքվի իշխանությունները կարող էին դա պատկերացնել որպես ազգայնականների եւ իմպերիալիստների դիվերսիա այդքան ճակատագրական շրջանում եւ այդկերպ ամրապնդել իրենց դիրքերը թերթը վերացնելու գործում։ Ինչը հետագայում արվել էր։ Թերթը փակելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որում ներգրավվել էին նախկին ԼՂԻՄ-ի ներկայացուցիչները։ ԼՂԻՄ-ը ներկայացնում էր այդ ժամանակ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագիր Լազար Հաշիմովիչ Գասպարյանը, որն այնուհետեւ գլխավորել էր Ղարաբաղի մետաքսի կոմբինատի մամուլի բաժինը։
Կարմիր Քրդստանի վերականգնման մասին հարցը բարձրաձայնվել է նաեւ Հեյդար Ալիեւվի կառավարման օրոք, որոշ տվյալներով՝ հենց նրա կողմից։ Դա, ըստ ամենայնի, թելադրված էր ԽՍՀՄ մերձարեւելյան աշխարհաքաղաքական շահերով՝ կապված հերթական քրդական քարտեզի շահարկման հետ։ Ի դեպ՝ ինքը՝ Հեյդալ Ալիեւը Քրդական Աշխատանքային կուսակցության հիմնադիրներից մեկն էր եւ, բնականավար, Կարմիր Քրդստան ստեղծելու գաղափարը բավականին արդյունավետ միջոց էր Մերձավոր Արեւելքի քրդերի վստահությունը շահելու համար։ Սակայն այդ մտադրությունը գործնականում չեր զարգացել։ Ակնհայտ է, որ եթե Հեյդար Ալիեւը չունենար քրդական ծագում, հազիվ թե անմիջական մասնակցություն ունենար Քրդական աշխատանքային կուսակցության ստեղծման գործում։ Կրեմլը չէր ներքաշի էթնիկ թուրքին քրդական մարտական կազմակերպություն ստեղծելու մեջ նույնիսկ այն պարզ պատճառով, որ քրդերի շրջանում դա կառաջացներ օբյեկտիվ եւ բնական անվստահություն, ինչը վտանգի կենթարկեր այդ ողջ նախաձեռնությունը։
Ինչպես հայտնի է, 1982 թվականին Հեյդար Ալիեւը դարձել է ԽՍՀՄ կառավարությոն փոխնախագահ։ Դա ամենաբարձրաստիճան պաշտոնն էր, որը էթնիկ քուրդը երբեւէ զբաղեցրել է Խորհրդային Միության եւ Ռուսաստանի իշխանական հիերարխիայում, սակայն այդ նշանակումը որեւէ կերպով չի անդրադարձել քրդական հարցի վրա։ Վերակազմավորումը որոշ առումով ակտիվացրել էր որոշակի քրդական օղակներ, որոնք հիմնականում բնակվում էին Ադրբեջանի ԽՍՀ սահմաններից դուրս։ Այսպես, 1990 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդին կից ստեղծվել էր պատգամավորական հանձնաժողով, որը զբաղվում էր քուրդ բնակչության հիմնահարցերով Վ․Պ․Սոբոլեւի նախագահությամբ․ հանձնաժողովի առաջին նիստը տեղի էր ունեցել 1990 թվականի նոյեմբերի 20-ին։ Հավաքագրված արխիվային փաստաթղթերի հիման վրա հանձնաժողովը եզրակացրել էր, որ քրդական պետականությունը գոյություն է ունեցել Անդրկովկասի տարածքում, սակայն Ստալինի անձի պաշտամունքի շրջանում ապօրինի կերպով վերացվել է եւ պետք է վերականգնվի։ Ստեղծվել էին նաեւ մի քանի քրդական կազմակերպություններ։ Դրանցից է «Յուկբուն» համախորհրդային քրդական ասոցիացիան, որի կանոնադրությունը գրանցվել է ԽՍՀՄ արդարադատության նախարարության կողմից 1991 թվականի մարտի 21-ին։ Ճիշտ է, այդ կազմակերպությունները գոյություն են ունեցել շատ կարճ ժամանակաշրջանում եւ արագորեն վերացել են։
Քրդերը ներկայիս անկախ Ադրբեջանում
Մի շարք քուրդ գործիչներ հայտարարում են, որ ԽՍՀՄ փուզումից հետո նրանք առաջարկել են Ադրբեջանի իշխանություններին վերստեղծել քրդական վարչական միավորը՝ փոխարենն աջակցով Ղարաբաղյան պատերազմում, սակայն Բաքուն հանաձայնություն չի տվել այդ առաջարկին։ Կան նաեւ տվյալներ, որ Ադրբեջանում Ղարաբաղի հետ պատերազմի ընթացքում ստեղծվել էր քրդական ջոկատ ոմն Մստոյի հրամանատարությամբ։
Մի պահ Ադրբեջանում քրդական կլանի դիրքերը թուլացել էին, սակայն Հեյդար Ալիեւի՝ իշխանության գալուց հետո նրանք դարձյալ հայտնվել էին այդ երկրի իշխանության ղեկին։ Մի շարք մասնագետների գնահատմամբ՝ Ադրբեջանում կա քաղաքական առումով շատ ազդեցիկ քրդական կլան, որը հաջողությամբ ներթափանցել է իշխանության մեջ։ Որոշ տվյալներով՝ էթնիկ քրդեր են Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերության գործադիր տնօրեն Ռովնագ Աբդուլաեւը Գեզալը, Հաջիբալա Աբութալիբովը, որը Բաքվի քաղաքապետն էր 2001-2018 թվականներին եւ 2018-2019 թթ․ զբաղեցնում էր Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնը, Արիֆ Ալիշանովը, որը 2006-2019 թթ․ զբաղեցնում էր «Ադրբեջանի հեռուստատեսություն եւ ռադիոհեռարձակում» ՓԲԸ-ի նախագահի պաշտոնը եւ բազմաթիվ այլ ղեկավարներ։ Քրդական ծագում ունի նաեւ Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ներկայիս ղեկավար Բեյլար Էյուբովը, որը 1993 թվականին ղեկավարում էր Հեյդար Ալիեւի անձնական պահպանության ծառայությունը։ Մի շարք աղբյուրների տվյալներով՝ քրդեր են ադրբեջանական խորհրդարանի պատգամավորների, 20 տոկոսը, օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ Ադրբեջանի ուժային կառույցների 12-15 տոկոսը։ Մինչդեռ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում քրդական համայնքի թիվը կազմում է ընդամենը 6,1 հազար մարդ, որոնցից մայրենի լեզվին է տիրապետում շուրջ 70 տոկոսը։ Ակնհայտ է, որ էթնիկ քրդերի թիվն ավելի մեծ է։ Որոշ աղբյուրներ նշում են 150 հազար մարդու հաշվարկը։ Ըստ էության՝ նրանց իրական թիվը գերազանցում է նաեւ այդ ցուցանիշը։ Որոշ քուրդ աղբյուրներ, օրինակ, հիշատակում են 240 հազարը։
Ադրբեջանի քրդերի շրջանում դեռեւս մնացել են ուժեր, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար։ Կան ինչպես առանձին գործիչներ, այնպես էլ քրդական կազմակերպություններ, որոնք մեծ դժվարությամբ են աշխատում Ադրբեջանի Հանրապետությունում։ Այդպիսի կազմակերպություններին է պատկանում, օրինակ, «Rojhat» քրդական երիտասարադական կազմակերպությունը, որի ղեկավարը պնդում է, որ Ադրբեջանի քրդերի մշակույթն ու քրդերենը զարգացնելու խնդիրը միշտ արդի է եւ կենսական կարեւորություն ունեցող, շեշտադրում է ադրբեջանցիների շրջանում քրդերի անխուսափելի ձուլումը, սակայն միաժամանակ ընդգծում, որ կազմակերպությունն իր առջեւ չի դնում քաղաքական նպատակներ եւ խնդիրներ Ադրբեջանում եւ դրա նպատակն է պաշտպանել քրդական մշակութային եւ հոգեւոր արժեքները։ Ադրբեջանում գործում են նաեւ տարբեր քրդական կազմակերպություններ, որոնք բախվում են տարաբնույթ դժվարությունների հետ։ 1990 թվականին հիմնադրվել էր «Ռոնաի» («Լուսաբաց») քրդական մշակույթի կենտրոնը։ 2013 թվականին այդ կենտրոնն անցկացրել էր Արդբեջանի քրդերի համագումար, որի ժամանակ որոշում էր կայացվել այն մասին, որ «Ռոնաի»-ն պետք է նշանակալի դեր խաղա Ադրբեջանի քրդերի կյանքում, կառուցի հրբերություններ Քրդստանի եւ ԱՊՀ-ում ու Եվրոպայում քրդերի հետ։ Այդ կազմակերպությունը թողարկել է «Դանգե Քուրդ» («Քրդի ձայնը») թերթը, որը լույս է տեսել 1992-2013 թթ․ եւ այդ ընթացքում հրատարակել է շուրջ 90 համար։ 2003 թվականին Ադրբեջանում սկսել էր թողարկվել «Դիպլոմատ» ամսագիրը, որը փակվել էր երկրի իշխանությունների կողմից 2012 թվականի սկզբում։
Սակայն քրդերի մեծամասնությունը դարձել է նոր ադրբեջանական ազգի մասը, ընդ որում՝ զբաղեցնում է տարբեր ոլորտներում բարձր, գերիշխող դիրք, եւ հատկապես այդ ասպեկտն է խոչընդոտում քրդերի կոնսոլիդացմանը, իրենց իրավունքների համար պայքարի կազմակերպմանը եւ, առավելեւս, Ադրբեջանում ինչ-որ քրդական ազգային միավորման ստեղծմանը։ Ադրբեջանում քրդական հարցն, ընդհանուր առմամբ, կարելի է համարել գրեթե լուծված, ընդ որում՝ բավականին ինքնատիպ կերպով։ Այնպես է ստացվել, որ ներկայիս Ադրբեջանի քրդերը, հատկապես, այդ ժողովրդի էլիտան, մի շարք օբյեկտից եւ սուբյեկտիվ պատճառներով ընտրել է Սալադինի էթնոքաղաքական ռազմավարությունը եւ բավականին արդյունավետ կերպով կյանքի կոչել այն։





























