«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ավելի ակտուալ է ոչ թե հաջորդ նախագահի, այլ Հայաստանում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանի հարցը:
Դեսպաններն, իհարկե, իրենց գլխի տերը չեն, սակայն էական է, թե ում եւ ինչ մտադրությամբ են այստեղ ուղարկում: Եթե համապատասխան եվրոպական կառույցները մեր երկրում ներկայացնեին ոչ թե Սերգեյ Կապինսոը եւ Ռաուլ դե Լյուցենբերգերը, այլ ուրիշ մարդիկ (Մարի Յովանովիչի նման), ապա, միեւնույն է, Հայաստանում ժողովրդավարություն չէր հաստատվի, բայց բոլոր քաղբանտարկյալներն արդեն ազատության մեջ կլինեին: Ըստ այդմ, նրանից, թե ով է նշանակվելու ԱՄՆ դեսպան, կարելի է ենթադրել, թե ինչպիսիք են այդ երկրի մտադրությունները Ղարաբաղի հարցում: Դատելով նրանից, որ երեկ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը կոչ է արել արագացնել «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, իսկ Էդվարդ Նալբանդյանը մեկնում է ԱՄՆ` տիկին Քլինթոնի հետ հանդիպելու, մտադրությունները մոտ ժամանակներս կարող են լրջանալ:
Մոտ երկու տարի առաջ եվրոպացի մի քաղաքական գործիչ պատմեց, որ համաժողովներից մեկի ժամանակ նա հարցրել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտնյայի, թե ինչու են նրանք շտապել ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ամերիկացի դիվանագետի ռեակցիան բավականին էմոցիոնալ էր. նա ձեռքը մոտեցրեց կոկորդին ու բացականչեց. «We are fed up!»: («Զահլեքս գնացել է»): Այ, եթե օվկիանոսից այն կողմ որեւէ մեկը, ումից կախված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, Ղարաբաղի հարցում նման ժեստ անի, թերեւս այդ խնդրում առաջընթաց կնկատվի»:




























