Երեւանի Նալբանդյան 106/1 հասցեում կատարվող շինարարության շրջակա տարածքի բնակիչները բաց նամակ են հղել Բնապահպանության նախարարին եւ առաջարկում են միանալ այդ տարածքում իրենց կազմակերպած շաբաթօրյակին` փրկելով ծառերը:
Բնակիչների նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մայիսի 12-ին Նալբանդյան 106/1 հասցե կատարած Ձեր ստուգայցի ժամանակ ականատես եղաք այն փաստին, որ նախկին մանկապարտեզի տարածքում, ապամոնտաժման աշխատանքների հետեւանքով տասնյակ ծառեր հայտնվել են խիստ վտանգված վիճակում: Այժմ նշված ներբակային տարածքը աղտոտված է նաեւ շինարարական աղբով, եւ երեխաները զրկված են մաքուր խաղահրապարակից: Երեւանի քաղաքապետ Կ. Կարապետյանի հայտարարած շաբաթօրյակի շրջանակներում մենք՝ հարակից շենքերի բնակիչներս, նախատեսում ենք մաքրել տարածքը եւ խնամել նախկին մանկապարտեզի տարածքում աճող ծառերը եւ ծածկել դրանց արմատները, որպեսզի ապահովվի ծառերի կենսունակությունը:
Նշենք, որ նախորդ ակցիայի ստորագրահավաքի արդյունքում մենք պաշտոնապես ծանուցել ենք «Ավագ Շին» ՍՊԸ-ի տնօրենությանը, որ մտադիր ենք գալիք շաբաթօրյակի շրջանակներում խնամել տարածքի ծառերը, ինչը արդարացված է շաբաթօրյակի ընդհանուր նպատակով:
Մայիսի 12-ին մեզ հետ ունեցած Ձեր հանդիպման վերջում Ձեր խոսքից հասկանալի դարձավ, որ երբ բնակիչները բահերը վերցնեն եւ սկսեն աշխատանքը, Դուք եւս կմիանաք եւ կաջակցեք նրանց՝ նախկին մանկապարտեզի տարածքի ծառերի տակ գոյացած փոսերը լցնելու եւ ծառերի կենսունակությունը վերականգնելու նպատակով: Սա անկեղծորեն միանգամայն ողջունելի ենք համարում եւ հույս ունենք, որ Ձեր ներկայությամբ կաջակցեք մեզ վերականգնել տարածքի բնական վիճակը, քանի որ վերոհիշյալ աշխատանքների համար պաշտոնապես հայտարարված շաբաթօրյակը ամենապատեհ առիթն է: Սիրով հրավիրում ենք Ձեզ Նալբանդյան 106/1՝ մասնակցելու մեր կողմից կազմակերպվելիք շաբաթօրյակին՝ վաղը՝ 21.05.2011, առավոտյան ժամը 10:30-ին»:




























