Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին աջակցող տեղական կենտրոնական լրատվամիջոցներն այս օրերին շարունակում են ակտիվորեն քննարկել պաշտոնական Թբիլիսիի կողմից չերկեսների «ցեղասպանության» ճանաչման հնարավորությունը: Վրացական վարկածով, այդ ցեղասպանությունը կատարվել է 19-րդ դարում Ռուսական կայսրությունում: Հարցն արդեն դրական եզրակացության է արժանացել Վրաստանի խորհրդարանի բոլոր հանձնաժողովներում եւ առաջիկայում կդրվի օրենսդիր մարմնի քննարկմանը: Չերկեսների «ցեղասպանությունը» ճանաչելու նախաձեռնությունն աբսուրդային է, քանի որ Թբիլիսին համառորեն չի ցանկանում ճանաչել 1915թ. Հայերի ցեղասպանությունը: Վրաստանը չի ցանկանում փչացնել ջերմ հարաբերությունները Անկարայի եւ Բաքվի հետ:

Վրացի քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին իշխանությունների նախաձեռնությունը համարում է արկածախնդրային եւ ցինիկ: Նա հնարավոր է համարում, որ երկրի խորհրդարանը կճանաչի չերկեսների «ցեղասպանությունը», քանի որ Վրաստանի այսօրվա օրենսդիր մարմինը «նախագահի ազգային բյուրոն է» եւ նրա ցանկությամբ էլ որոշումներ է ընդունում եւ պատմական ու քաղաքական արդարությունն իշխանություններին չի հետաքրքրի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պաատա Զաքարեիշվիլին: Նրա կարծիքով այս նախաձեռնությունն ուղղված է առաջին հերթին Վրաստանի դեմ, քանի որ դրանից կօգտվի Ռուսաստանը եւ անպայման համապատասխան քայլեր կձեռնարկի:

Իսկ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու փաստը Զաքարեիշվիլին բացատրում է տարածաշրջանում Վրաստանի հատուկ դրությամբ: Այն ընդհանուր սահման ունի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի հետ: Ցեղասպանության չճանաչումը թույլ է տալիս հարեւանների հետ պահպանել հարաբերությունների հավասարակշռություն եւ համագործակցություն:

«Սակայն, եթե երկրի խորհրդարանը ճանաչի չերկես ժողովրդի ցեղասպանությունը, ապա այդ փաստարկները այլեւս չեն աշխատի եւ կդառնան աբսուրդային. Ռուսաստանը նույնպես Վրաստանի հարեւանն է եւ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային անկայունության», - վստահ է փորձագետը:

Ի դեպ, Վրաստանի իշխանություններին ավելի լոյալ քաղաքագետները նույնպես նախաձեռնությունը մեծ էնտուզիազմով չեն գնահատում: Մասնավորպաես, Մամուկա Արեշիձեն Վրաստանի կենտրոնական հեռուստաալիքներից մեկի եթերում ուշադրություն հրավիրեց իրադրության հակասականության վրա: Նա նշեց, որ չերկեսների ցեղասպանության ճանաչման դեպքում անմիջապես ակտուալ կդառնա նաեւ հայերի ցեղասպանության ճանաչման հարցը, առավել եւս, որ այն ի տարբերություն Ռուսական կայսրությունում կովկասյան պատերազմների տարիների իրադարձությունների, բազմաթիվ արեւմտյան երկրների կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես գենոցիդ:

Մոսկվայում սպասվածի նման նյարդային են արձագանքել Վրաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլին եւ բոլորը համամիտ են, որ այն վերջնականապես կզրոյացնի հարաբերությունների նորմալացման չնչին հնարավորությունները: Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չերկեսների «ցեղասպանության» հնարավոր ճանաչումը համարեց Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում անջատողական տրամադրությունների խրախուսման հերթական փորձ: Սկակովի խոսքով, դա վտանգավոր խաղ է, քանի որ ամեն ինչ կանդրադառնա հենց Վրաստանի վրա` առաջացնելով Մոսկվայի համարժեք արձագանքը: «Վրաստանը կրակի հետ է խաղում: Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Վրաստանի շանսը չնչին է, սակայն կա: Բայց այսպիսի սադրիչ քայլերն այդ հնարավորությունները բացառում են: Վրաստանը չի կարող վիճել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, սակայն Վրաստանը նախընտրում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Թող շարունակի եւ կստանա այն, ինչին արժանի է», - նշեց Սկակովը:

Հայաստանի իշխանությունները Վրաստանի նախաձեռնությանն առայժմ չեն արձագանքում: Պաշտոնական Երեւանը բարեկամ հարեւանների հետ շարունակում է վարել առավելագույն հավասարակշիռ քաղաքականություն: Երեւանում առայժմ աչք են փակում Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու վրա: Սակայն չերկեսների «ցեղասպանության» ճանաչումը չի կարող ոգեշնչել Երեւանին: Դա կհզորացնի այն քաղաքական ուժերին, որոնք մեղադրում են Հայաստանի իշխանություններին վիրահայերի խնդիրներին քիչ անդրադառնալու համար: Ջավախքի հիմնախնդիրների, Վրաստանում հայկական մշակութային ժոռանգության պահպանման եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը չգրանցելու առիթով Վրաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությանը հակադարձել իշխանություններին շատ ավելի բարդ կլինի:

Բացի այդ չերկեսների «ցեղասպանության» ճանաչումը ներքաղաքական խնդիրներ կառաջացնի Վրաստանի ներսում: Հայերը կազմում են Վրաստանի ամենամեծաթիվ ազգային փոքրամասնությունը: Նրանց մեծամասնությունը երկար ժամանակ է աջակցում է Սահակաշվիլիի իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:

Առաջին դժգոհություններն ի հայտ եկան 2009թ. մայիսին, երբ կուսակցությունը հրաժարվեց Թբիլիսիի քաղաքային սակրեբուլոյի ընտրացուցակում ընդգրկել հայ թեկնածուների: Թբիլիսիի հայերի ասամբլեան բայկոտեց ընտրությունները: Այժմ մայրաքաղաքային խորհրդարանում ոչ մի հայ չկա, թեեւ քաղաքի բնակչության 10 տոկոսը հենց հայեր են:

Նախորդ տարվա ընթացքում Վրաստանի հայ համայնքի վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ ավելի սրվեց: Նրանք պաշտոնապես դիմեցին երկրի իշխանությանը` Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով, որը մինչեւ օրս անպատասխան է: Այդ ֆոնին հասկանալի է, որ հայ համայնքը բացասաբար կարձագանքի չերկեսների «ցեղասպանության» ճանաչմանը: Իսկ Վրաստանի խորհրդարանական ընրություններին մնացել է մեկ տարի:

Արդյունքում կստացվի, որ Ռուսաստանում 19-րդ դարի կովկասյան պատերազմների տարիներին տեղի ունեցած իրադարձությունները որպես «ցեղասպանություն» ճանաչելը տարածաշրջանում ոչ մեկին գլխացավանքից բացի ոչինչի չի տա: Վրաստանի իշխող կուսակցության վարկանիշը կնվազի, քանի որ երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունը երես կթեքի: Ռուսաստանը դարձյալ խիստ նյարդայնացած կլինի, իսկ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման մասին մոռանալ կարելի է: Հայաստանի իշխանություններին շատ ավելի բարդ կլինի պատասխանել ընդդիմախոսներին, որոնք մեղադրում են պաշտոնական Երեւանին վրացի գործընկերների հետ մեղմ լինելու համար:

Միակ շահողը կլինի Արեւմուտքը, որն ակտիվորեն աջակցում է Վրաստանի ղեկավարությանը: Վաշինգտոնն ու Բրյուսելը կկարողանան պարծենալ հերթական հակառուսական նախաձեռնության առիթով: Տարածաշրջանային լարվածությունը նրանց քիչ է հետաքրքրում: