Ոստիկանությունը պարզել է, որ մայիսի 11-ին 48-ամյա Ժաննա Մ.-ն ոչ թե տանն է վայր ընկել, այլ վթարի է ենթարկվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 11-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա Ժաննա Մ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է տանը՝ վայր ընկնելու հետեւանքով:
Մայիսի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55-ամյա Հակոբ Ս.-ին` «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով:
Պարզվել է, որ նա մայիսի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Զորակ գյուղի ճանապարհին նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ժաննա Մ.-ին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:




























