Հայ ազգային կոնգրեսի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ ռադիկալ փոփոխություններ երկրում չեն արձանագրվի եւ հեղափոխության մասին պետք է մոռանալ: Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ նախկին անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ, այժմ`  «Առցանց ազատականների ալյանս»-ի անդամ Կարապետ Ռուբինյանը` խոսելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին:

«Տրամաբանությունը բերում է նրան, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով գալու, հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների, որտեղ թամադան էլի լինելու է գործող վարչակազմը»,-հայտարարեց Ռուբինյանը: Նա նաեւ հավելեց, որ սկզբունքորեն դեմ չէ իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը:

«Ուղղակի մեր համաժողովրդական պայքարը, որը մինչեւ մարտի 1-ը բավական ռադիկալ եւ գրագետ քաղաքացիական անհնազանդության մեթոդներ էր կիրառում, անթերի պայքար էր իրականացնում, պիտի բերեր իշխանությունների հրաժարականի»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

Նրա խոսքով` շարժումն օրըստօրե տանուլ է տրվում, իսկ ռեժիմի ամեն մեկ օր ավել գոյատեւումը կործանում է երկիրը:

Նա չհերքեց  այն լուրերը, որ այսօր ընդդիմադիր ուժերի  շրջանում հանդիպումներ են տեղի ունենում, ինչը, ըստ նրա, փորձում են կապել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացման հետ:

Պատասխանելով իր`Քոչարյանին պաշտպանող քաղաքական դաշինքում հայտնվելու  հավանականության մասին հարցին, Ռուբինյանն ասաց. «Անհնար է, որ ես հանկարծ հայտնվեմ մի թիմում, որը պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին: Դա ծայրաստիճան զարհուրելի ֆանտաստիկայի ոլորտից է»: