Բրիտանիայում զբաղվածության կենտրոնը գեղեցկության սրահին հրահանգել է փոխել «երջանիկ» ոճաբան վարձելու հայտարարությունը՝ քանի որ այդ բառը «խտրական» է դժբախտների հանդեպ, հայտնում է FoxNews- ը:
Էլիսոն Բերչը հայտարարություն է տեղադրել Անգլիայի Ստրաուդ քաղաքում գտնվող AJ վարսավիրանոցի համար կես դրույքով որակյալ վարսահարդար փնտրելու մասին:
Այս պաշտոնի համար պահանջում էր գեղեցկության սրահում հինգ տարվա փորձ ունեցող անձ: Գովազդում ասվում էր. «Սա աշխույժ, ընկերական, փոքր սրահ է, ուստի դիմել կարող են միայն երջանիկ, ընկերասեր ոճաբանները»:
Բերչը պատմել է, որ իրեն զանգահարել են տեղական զբաղվածության կենտրոնից եւ ասել են, որ չեն կարող տեղադրել գովազդը, քանի որ «երջանիկ» բառը «խտրական» է համարվում։
Բերչը պնդում է, որ զբաղվածության կենտրոնում իրեն ասել են, թե գովազդը կարող է որոշ մարդկանց մոտ այնպիսի զգացողություն առաջացնել, որ իրենք չեն կարող դիմել, քանի որ իրենց «երջանիկ» մարդ չեն համարում:





























