Ավանդական ձեւաչափով «ուղիղ գիծը Վլադիմիր Պուտինի հետ» այս տարի չի կայանա. դրա տարրերը նախատեսվում է ավելացնել Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2020-ի դեկտեմբերին նախատեսված մեծ ասուլիսին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ այս տարի տիրող իրավիճակի պատճառով «նախագահն արդեն մի քանի ամիս է ուղիղ գիծ է վարում»: «Ուստի, իհարկե, ավելորդ կլինի այս տարի անցկացնել ավանդական ձեւաչափով ուղիղ գիծը»,- ասել է Պեսկովը: «Մենք, անշուշտ, կփորձենք ավելացնել ուղիղ գծի որոշ տարրեր` տարրեր, որոնք թույլ կտան նախագահին հետադարձ կապ ստանալ տարբեր մարզերից քաղաքացիների կողմից դեկտեմբերին կայանալիք Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսին»,- ասել է պետության ղեկավարի մամուլի խոսնակը:

Վերջին անգամ Պուտինը ռուսաստանցիների հետ ուղիղ գծով շփվել էր անցած հունիսին: Դա թվով արդեն 17-րդ ուղիղ գիծն էր. առաջին անգամ այդպիսի հաղորդում եթեր էր դուրս եկել 2001 թվականին: Այդ ժամանակից ի վեր ուղիղ գիծն անցկացվում է ամեն տարի, բացառությամբ 2004 եւ 2012 թվականների: Առաջին հինգ ուղիղ գծերը տեւում էին մոտ երեք ժամի, սակայն 2007 թվականից ծրագիրը միշտ դուրս էր գալիս այդ շրջանակներից: Ամենաերկարն ուղիղ գիծը 2013-ինն էր` 4 ժամ 47 րոպե:

Ամենամյա մեծ մամուլի ասուլիսը հերթական ամենամեծ միջոցառումն է, որը Պուտինն անցկացնում է 2001 թվականից: Ընդմիջում է արվել միայն այն ժամանակ,, երբ նա վարչապետ էր` 2008-ի մայիսից մինչեւ 2012-ի մայիս, եւ նախագահական պաշտոնին վերադառնալուց հետո Պուտինը վերսկսել է մամուլի հետ նման հանդիպումներ անցկացնելու պրակտիկան: Ռուսաստանի Դաշնության նախագահի նախորդ մեծ ասուլիսը տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: