Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մոտ 1000 չինացի ուսանողների վիզաները հետ կանչելու ԱՄՆ գործողությունները հավասարազոր են «բացահայտ քաղաքական հետապնդման եւ ռասայական խտրականության», փոխանցում է AP-ն:

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ այդ քայլը վնաս է հասցրել «ԱՄՆ-ում սովորող չինացի ուսանողների օրինական իրավունքներին եւ շահերին»: «Դա բացահայտ քաղաքական հետապնդում եւ ռասայական խտրականություն է, որը լրջորեն խախտում է այնտեղ սովորող չինացի ուսանողների մարդու իրավունքները,- ասել է նա:- Չինաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել այս կապակցությամբ»:

ԱՄՆ Ներքին անվտանգության քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Չադ Վոլֆը նախօրեին հայտարարել էր, որ գերատեսչությունն արգելափակում է մուտքի արտոնագրերը «որոշ չինացի ասպիրանտների եւ հետազոտողների համար, ովքեր կապված են ռազմական սինթեզի չինական ռազմավարության հետ` գողությունների եւ գաղտնի հետազոտությունների յուրացումների կանխման համար»: Չինաստանը «չարաշահել է ուսանողական վիզաները` ամերիկյան ակադեմիական շրջանակների շահագործման համար»,- ասել է Վոլֆը: