ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապ ունեցող չորս անձանց հանդեպ՝ ԱՄՆ-ում ընտրական գործընթացների վրա ազդելու փորձ կատարելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ռուսաստանը օգտագործում է բազմաթիվ խամաճիկների՝ փորձելով տարաձայնություններ սերմանել քաղաքական կուսակցությունների միջեւ եւ ներքին պառակտումներ ստեղծել՝ ընտրողների վրա ազդելու համար»,- ասված է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Մասնավորապես, պատժամիջոցների տակ է ընկել Ուկրաինայի խորհրդարանի անդամ Անդրեյ Դերկաչը, որը, ըստ գերատեսչության, տասնամյակներ շարունակ «եղել է ակտիվ ռուսական գործակալ եւ սերտ կապերի մեջ է ռուսական հատուկ ծառայությունների հետ»:

Պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաեւ «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» երեք աշխատակիցներ, որոնք մեղադրվում են 2018-ի միջանկյալ ընտրություններին միջամտելու փորձ կատարելու մեջ։ Նրանք են՝ Արտեմ Լիֆշիցը, Անտոն Անդրեեւը եւ Դարյա Ասլանովան:

Պատժամիջոցները նշանակում են այդ անձանց՝ Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող բոլոր ակտիվների սառեցում, եւ նրանց հետ բիզնեսի արգելում ամերիկյան քաղաքացիների համար: Բացի այդ, արգելափակվում են նաեւ ցանկացած իրավաբանական անձինք, որոնց 50 կամ ավելի տոկոսով պատկանում են նշված մեկ կամ մի քանի անձանց: