Բահրեյնի եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարներ Աբդուլլատիֆ ալ Զայանին եւ Գաբի Աշկենազին շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բահրեյնի արտգործնախարարությանը:
Նշվում է, որ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Բահրեյնը համաձայն է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ:
Այդ մասին Թրամփը գրել է Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո, հայտնում է Սպիտակ տունը:
Երեք առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նրանք պայմանավորվել են «Իսրայելի եւ Բահրեյնի Թագավորության միջեւ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»:





























