Իսրայելը երեք փուլով նոր համընդհանուր կարանտին է հայտարարում, հայտնում է «9-րդ ալիք»-ը:
Ըստ նախարարների կաբինետի կողմից հաստատված պլանի` չորեքշաբթիից` սեպտեմբերի 16-ից, ուսումնական հաստատությունները (բացառությամբ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ դպրոցների) կդադարեցնեն աշխատանքը:
Հաջորդ ուրբաթ առավոտյան ժամը վեցից սկսվում է համընդհանուր կարանտինը: Այն կայանում է ամբողջ բնակչության համար տնից 500 մ հեռավորության վրա տեղաշարժի սահմանափակման եւ բոլոր առեւտրային եւ այլ հաստատությունների աշխատանքի դադարեցման մեջ: Սա ներառում է այն ամենը, ինչ կապված է մշակույթի, հանգստի եւ ժամանցի հետ, ինչպես նաեւ` տուրիստական վայրերը: Հանրային սննդի կետերին թույլատրվում է առեւտուր անել միայն պատվերներով եւ առաքմամբ:
Այցելել կթույլատրվի միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող վայրեր` մթերային խանութներ, դեղատներ, օծանելիքի եւ հիգիենայի խանութներ եւ «անհրաժեշտ» կենցաղային ապրանքներ վաճառող խանութներ: Գործելու են նաև հեռախոսների եի աքսեսուարների վաճառքի կետերը, կապի ծառայություններ մատուցող հաստատությունները եւ բժշկական սարքավորումներ վաճառող խանութներ:
Պետական հաստատություններում աշխատավայրում ներկայությունը կկրճատվի աշխատուժի 30 տոկոսի չափով` բացառությամբ նույն «անհրաժեշտ ծառայությունների»: Մասնավոր ձեռնարկություններում եւս թույլատրվում է սովորական աշխատողների 30 տոկոսի ներկայությունը, իսկ եթե արդյունքում 10 հոգուց պակաս է, ապա նրանց թիվը կարելի է հասցնել տասի:
Հասարակական տրանսպորտի աշխատանքը եւս կկրճատվի ընթացիկ փուլի սահմանափակումների համաձայն: Առաջին փուլը, որը ներառում է վերը նշված բոլոր միջոցառումները, կտեւի առնվազն երկու շաբաթ, այդ թվում` Ռոշ հա-Շանու եւ Յոմ Կիպուր տոները: Երկրորդ փուլը, որը նախատեսվում է հայտարարել Սուքոթ տոնին, հիմնական սահմանափակումների մասով քիչ է տարբերվելու առաջինից:





























