Մինսկի տարբեր թաղամասերում չգրանցված դրոշներով ու խորհրդանիշներով շուրջ 250 մարդ է բերման ենթարկվել: Այս տեղեկությունն իր Telegram ալիքում հրապարակել է ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան, հայտնում է BelTA-ն:

15:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է բողոքի ցույցերի 17 օջախ: ՆԳՆ տվյալներով` դրանց մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցում 3 հազարը:

«Կիրակնօրյա չարտոնված իրադարձությունների ֆոնին իրավիճակը վերահսկելի է»,- տեղեկացրել են գերատեսչությունում:

Մինսկի տարբեր թաղամասերում ձերբակալվել է շուրջ 250 մարդ: ՆԳՆ-ում պատմել են, որ նրանք օգտագործել են դրոշներ եւ այլ խորհրդանիշներ, որոնք գրանցված չեն սահմանված կարգով, ինչպես նաեւ` պաստառներ, այդ թվում` վիրավորական բովանդակությամբ:

Հաշվի առնելով այն, որ ցուցարարներն արգելափակել են երթուղին Մինսկի տարբեր հատվածներում, ճանապարհային ոստիկանությունը շրջանցիկ ճանապարհներ է կազմակերպում եւ սահմանափակում երթեւեկությունը: «Ոստիկանության աշխատակիցները կենտրոնացած են հասարակական կարգը պահպանելու, իրավախախտումները ճնշելու եւ ցուցարարների կողմից այլ ակտիվ գործողությունների կանխման վրա»,- ասել են ՆԳՆ-ում:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Մինսկում բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ անցել են Անկախության պալատի, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտով եւ Հաղթանակածների պողոտայով շարժվում են դեպի մայրաքաղաքի կենտրոն:

Այս պահի դրությամբ լուրջ ուժեր են բերվել նստավայրի տարածք: Մոտակայքում գտնվող Պետական ​​դրոշի հրապարակը շրջագծով շրջափակված է հանրապետության ներքին զորքերի եւ ՕՄՈՆ-ի կողմից: Այնտեղ կան նաեւ տասնյակ բանակային բեռնատարներ, վարագույրներով ծածկված ավտոբուսներ եւ մի քանի ջրցան մեքենա: Պարագծով փշալար են տարված, իսկ դրանց դիմաց պատնեշներ են: