Ուզբեկստանը եւ Շվեյցարիան շրջանակային համաձայնագիր են ստորագրել Ուզբեկստանի առաջին նախագահի դստերը՝ Գուլնարա Քարիմովային պատկանող սառեցված միջոցների վերադարձման շուրջ, հայտնում է Podrobno.uz-ը։
Փաստաթղթի շրջանակում գրեթե 131 մլն դոլար գումարի ակտիվները, որոնք 2012 թվականին պատկանել են Քարիմովային եւ բռնագանձվել են շվեյցարական հաշիվներից, վերադարձվելու են Ուզբեկստանին։ Համաձայնագիրը, որը դեռ պետք է ձեւակերպվի մինչեւ իրավաբանորեն պարտադիր լինելը, Ուզբեկստանի իշխանություններից պահանջում է մի շարք պահանջների կատարում։
Այսպես, միջոցներն, օրինակ, կարող են ուղղվել միայն Ուզբեկստանի ժողովրդի կենսապայմանների բարելավմանը, կայուն զարգացման նախագծերում միջոցների ներդրմանը։ Այս ֆինանսական միջոցները ծախսելու թափանցիկ մոնիթորինգը պարտադիր է լինելու։
650 մլն շվեյցարական ֆրանկը գերազանցող ակտիվները սառեցված են մնում Գյուլնարա Քարիմովայի դեմ շարունակվող քրեական գործի շրջանակում։ Ստորագրված շրջանակային համաձայնագիրը կիրառվելու է նաեւ ցանկացած այլ միջոցների վերականգնման համար, որոնք ապագայում վերջնականապես բռնագանձվելու են այս քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Ուզբեկստանում 48-ամյա Գյուլնարա Քարիմովայի դեմ հարուցվել էր երկու քրեական գործ՝ հափշտակության եւ հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքներով։ Այս գործերով պետության եւ քաղաքացիների շահերին պատճառված վնասի ընդհանուր գումարը կազմում էր 1,2 տրլն սում, 1,6 մլրդ դոլար, 21,1 մլն եվրո։
Քարիմովային ներկայումս պահում են Տաշքենդի մարզի Զանգիատինսկի կանանց գաղութում։





























