Օրերս Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որոնց կողմից Երեւանում եւ հանրապետության մարզերում իրականացվում են մանկապարտեզների հովանավորման, կարիքավոր ընտանիքների աջակցման, բժշկական եւ մի շարք այլ ծրագրեր: Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում Կարեն Կարապետյանը նախ այցելել է թիվ 154 մանկապարտեզ, որը հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել ու կահավորվել է նոր գույքով եւ մանկական խաղերով: «ԱՌԴԱ»-ն մանկապարտեզի հովանավորությունը ստանձնել է 50 տարի ժամկետով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետը ծանոթացել է նաեւ հիմնադրամի կողմից մանկապարտեզին հարակից տարածքում կառուցված արհեստագործական ուսումնարանի պայմաններին: Ուսումնարանն արդեն համագործակցում է Երեւանի արդյունաբերական քոլեջի հետ: Առայժմ գործում են միայն օտար լեզուների եւ համակարգչային դասընթացների խմբերը: Առաջիկայում ուսուցանվող մասնագիտությունների թիվը զգալիորեն կմեծանա:
Բաքցի այդ, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկել է դիմածնոտային արատների վերականգնման եւ վիրահատության կարիք ունեցող հանրապետության բոլոր մարզերի երեխաների անվճար վիրահատության ծրագիրը, որում ընդգրկվել են հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաեւ մանկատների ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաները:
Ծրագիրը իրականացվում է «Սուբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ու ԱՄՆ-ից հատուկ այս նպատակով ժամանած 15 պլաստիկ վիրաբույժների համատեղ ջանքերով: Առաջին փուլում կվիրահատվի 120 երեխա, նույնքան երեխայի վիրահատություն էլ կկազմակերպվի ծրագրի հաջորդ փուլում:




























