Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,-գրել է նա։

Իր հերթին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել է. «Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին' Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է։

Լուսանկարիչ` Կարապետ Սահակյանի»։