Թուրքական Radikal օրաթերթի թղթակից Հաքքը Օզդալը թուրք եւ հայ լրագրողների խմբի հետ Թուրքիայում եւ Հայաստանում իրականացրած ավտոբուսային շրջագայության ընթացքում ստացած տեղեկություններն ու տպավորությունները հրապարակել է. «Երեւակայությունից մինչեւ իրականություն. Ինչքան հեշտ է լինել բարեկամ»  վերնագրով։

«Երեւանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս Հայաստան» ՀԿ-ի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի «Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի» կողմից կազմված նախագիծը շատ արդյունավետ անցավ։ Հրապարակումս կսկսեմ Երեւանից, քանի որ տպավորությունները դեռ շատ ուժեղ են։

Հայաստանը 3 մլն բնակչություն ունեցող փոքր երկիր է։ 1915-ից հետո աշխարհի 4 կողմերը ցրված եւ այսօր «սփյուռք» կոչվող միլիոնավոր հայերի կողքին Հայաստանի բնակչության թիվը բավականին համեստ է։  Չնայած դառնություններով լեցուն պատմական իրադարձություններին, տնտեսական եւ քաղաքական խնդիրներին, հայաստանցիները լեցուն են հայրենիքի հանդեպ սիրով եւ քինախնդիր չեն։  Հայաստանում կան խոսքի ազատության հետ կապված խնդիրներ, սակայն հայերն ունեն ուժեղ հումորի զգացում, պատրաստ են ծիծաղել եւ ծիծաղեցնել։ Ցավալի է, որ Հայաստանում կա գրաքննություն, սակայն դա տեղեկատվության մեկ այլ կողմ է ուժեղացրել։ Հայաստանում ծագող աստղը՝ ինտերնետ մեդիան է։

Մեր հետ էր նաեւ 4 լեզվով, այդ թվում թուրքերենով լուրեր հրապարակող հայկական NEWS.am-թղթակիցը, ով Թուրքիան շատ մոտիկից էր ճանաչում։ Նույնիսկ երբ մեր զրույցների ժամանակ որեւէ թուրք պաշտոնյայի անուն չէինք հիշում, նա էր մեզ անունը հուշում։

Մեր ուղեւորության ամենահումորով մասնակիցը Երեւանի մամուլի ակումբից Հայկակ Արշամյանն էր, ով պատմաբան է, Կիլիկիայի գծով մասնագետ։ Նա ողջամտորեն է մեկնաբանում հայ ժողովրդի պատմությունը եւ մեկն է նրանցից, ովքեր երկու ժողովուրդների միջեւ առողջ եւ ապագա ունեցող ճանապարհ են փնտրում։

Մեկ օր Ցեղասպանության հուշահամալիրում...

Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանը երկրի ամենակարեւոր խորհրդանիշներից են։ Ոչ միայն ապրիլի 24-ին, այլ՝ ամեն օր մարդիկ այցելում են այնտեղ։ Համարյա բոլոր զբոսաշրջիկներն այցելում են եւ ծաղիկներ դնում։  Մեր հայ գործընկերները քաղաքավարի հարցնում են. «Կցանկանա՞ք այցելել հուշահամալիր»՝ պատրաստ լինելով  հասկանալ մեր բացասական պատասխանը։ Իհարկե, գնում ենք։ Տխուր երաժշտության եւ մարմնինը փշաքաղեցնող բացարձակ լռության ներքո իմ ձեռքի սպիտակ մեխակները հավերժական կրակի մոտ եմ դնում, փակում աչքերս եւ սգում 1915-ը....»,-գրել է Radikal-ի թղթակիցը՝ նշելով, որ հաջորդ օրը կներկայացնի հրապարակման շարունակությունը։