Միացյալ Նահանգները  փորձում է կասեցնել իր երկու տարածաշրջանային դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի հրաբերությունների վատթարացումը` Գազա ուղեւորվող «Mavi Marmara» տորմիղի միջադեպի տարելիցին ընդառաջ: Hurriyet Daily News and Economic Review –ն հիշեցնում է, որ թուրք-իսրայելական բախման ժամանակ զոհվել էր 9 թուրք ակտիվիստ:

Ըստ պարբերականի` ներկայումս Վաշինգտոնի առջեւ երկու հիմնական խնդիր կա: Առաջինը` Թուրքիայի կողմից հնարավոր հատուցումն է, ինչի մասին կարող է հայտարարվել մայիսի 31-ին` զոհվածների հիշատակի օրը: Թուրքիան կարող է վերջնականապես հրաժարվել Քերիմ Ուրասին Թել Ավիվում դեսպան նշանակելուց: Ուրասն այդ պաշտոնին նշանակվել էր մինչեւ «Mavi Marmara»-ի միջադեպը, սակայն գործընթացը կասեցվել էր 2010թ. մայիսի 31-ին` որպես արձագանք կատարվածի:

«Թուրքիայի այդ քայլը կարող է Իսրայելին դրդել կատարել նույնը», -ենթադրում  է պարբերականը: Հենց դրանից էլ փորձում է խուսափել Վաշինգտոնը:

Երկրորդն այն է, որ ԱՄՆ-ը փորձում է կասեցնել երկրորդ տորմիղը: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները կապվել են երկու կողմերի հետ էլ` խորհուրդ տալով ավելի առողջ քաղաքականություն որդեգրել: