Գերմանիայում գործող սահմանափակումները դեռեւս չեն հաղթահարել երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակը, չի բացառվում, որ մասնակի կարանտինը կպահպանվի մի քանի ամիս շարունակ, հայտարարել է ԳԴՀ էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պեթեր Ալթմայերը կիրակի Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում:

«Միջանկյալ արդյունքը հետեւյալն է. վարակման թվերը դեռեւս բարձր են: Շատ ավելի բարձր են, քան երկու շաբաթ առաջ էր»,-նշել է նախարարը: «Չնայած բոլոր ջանքերին՝ բարեփոխումներ դեռեւս չի հաջողվել նկատել»,-փաստել է նա: «Մենք ստիպված կլինենք ապրել զգուշության զգալի միջոցառումների եւ սահմանափակումների պայմաններում առնվազն հաջորդ 4-5 ամսվա ընթացքում»,-կանխատեսում է Ալթմայերը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է նոյեմբերի 16-ին քննարկել համավարակի իրավիճակը ԳԴՀ դաշնային հողերի վարչապետերի հետ եւ ամփոփել Գերմանիայում նոյեմբերի 2-ից գործող կարանտինի ռեժիմի միջանկյալ արդյունքները:

Երկրում առնվազն մինչեւ նորյեմբերի վերջ փակ կլինեն ռեստորանները, բարերը եւ այլ գաստրոնոմիկ հաստատությունները, ճաշատեսակներն ու ըմպելիքները թույլատրվում է վաճառել միայն «վերցրու քեզ հետ» սկզբունքով կամ առաքման եղանակով: Չեն գործում նաեւ ֆիթնես ակումբները, տատուի սրահները, լողավազանները, կոսմետիկ եւ մերսման ստուդիաները, թատրոնները, կինոթատրոնները եւ համերգասրահները: Ի տարբերություն կարանտինի, որը սահմանվել էր գարնանը, բաց են մանկապարտեզներն ու դպրոցները, ինչպես նաեւ վարսավիրանոցներն ու խանութները: Հասարակական վայրերում թույլատրվում է հանդիպել առավելագույնը երկու տնտեսությունների ներկայացուցիչներին: Հյուրանոցներում գիշերել կարելի է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ոչ թե զբոսաշրջության նպատակով:

Վերջին օրվա ընթացքում, Ռոբերտ Կոխի ինստիտուտի հաղորդմամբ, Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 16 947-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: