Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին բռնկման սկզբից համացանցի հայալեզու տիրույթում գրանցվել է ֆեյք օգտահաշիվների ավելացում, որոնք ապատեղեկատվություն են տարածել: Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է DataLocator մոնիթորինգի ու վերլուծության ծառայության ղեկավար Էդգար Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ապատեղեկատվության տարածման գլխավոր աղբյուրներ են դարձել Ադրբեջանը, Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան:

«Ամեն ինչ սկսվել է ArmFriend հայկական սոցցանցում: Տարբեր IP-հասցեներից մասսայաբար սկսել են նոր օգտահաշիվներ գրանցվել, իբր հայկական անուններից ու սկսել են խուճապ տարածել: Մենք որոշում ենք կայացրել վերլուծել ոչ միայն ArmFriend-ը, այլ նաեւ այլ հարթակներ…Facebook, Instagram, Telegram, «ՎԿոնտակտե», «Օդնոկլասնիկի»»,-նշել է նա:

Գրիգորյանը նշել է, որ առաջին հերթին վերլուծել են Հայաստանում, Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում տիրույթները, ապա չափումներ արել գեոլոկացիայի միջոցով: «Այսինքն, երբ օգտատերը մեկնաբանություն է թողնում, նա հայտնվում է մեր մոնիթորինգի շրջանում: Ցանկացած ակտիվությունը, որը նկատվում է ռուսալեզու եւ հայալեզու խմբերում, ֆիքսվում է: Ապա մենք ուսումնասիրել ենք օգտահաշիվները, որոնք նման ակտիվություն են ցուցաբերել: Հետագայում մենք նկատել ենք, որ հայտնաբերված օգտահաշիվները հաղորդագրություններ եւ մեկնաբանություններ են թողել նաեւ անգլալեզու հայկական խմբերում»,-նշել է նա:

Հարցին, թե արդյոք ֆեյք օգտահաշիվները ստեղծվել են կապված ԼՂ-ում հակամարտության սրման հետ, նա նշել է, որ հաճախ օգտահաշիվներ են ստեղծվել նախօրոք. «Որոշ օգտահաշիվներ արդեն մի քանի տարվա պատմություն ունեն, որոնք անհրաժեշտ պահի միացվել են՝ ապատեղեկատվություն տարածելու համար: Եվ դա սկսվել է պատերազմի առաջին օրերին: Սեպտեմբերից մինչեւ նոյեմբերի 9-ը ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 6498 օգտահաշիվ»:

Խոսելով հայտնաբերված ֆեյք օգտահաշիվների եւ էջերի IP-հասցեների մասին՝ Գրիգորյանը նշել է, որ առաջին տեղում է Ադրբեջանը՝ 31 տոկոս, երկրորդ տեղում Թուրքիան՝ 21 տոկոս, եւ երրորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան՝ գրեթե 19 տոկոս:

«Անգլիական VPN-հասցեներն ամենաթանկ հասցեներից են: Բոտ ընկերությունների սեփականատերերի համար ավելի հեշտ է օգտագործել ուկրաինական կամ ասիական հասցեները, որոնք 15 անգամ էժան են անգլիականից: Իրենք էլ՝ բրիտանացիները, լրջորեն հետեւում են դրան: Այդ պատճառով մենք ունենք բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ դրանք չեն եղել պրոքսի- կամ VPN-տեխնոլոգիաներ»,-նկատել է Գրիգորյանը:

Մեկնաբանելով այն, թե ինչ ընդհանրություն է եղել հայտնաբերված ֆեյք օգտահաշիվների միջեւ, փորձագետը նշել է. «Տարբեր օգտահաշիվներ տեղադրել են միեւնույն մեկնաբանությունները: Ակնհայտ է, որ աշխատել են շաբլոնով: Միեւնույն իմաստը: Իմաստաբանական վերլուծությունը եւս հայտնաբերել է կրկնվող արտահայտություններ եւ մակդիրներ»:

Նրա խոսքով՝ առաջին օրվանից գաղափար է տարածվել, թե Հայաստանը Ռուսաստանին պետք չէ, թե հայկական կողմն ինքնին ուժեղ է եւ պետք է հրաժարվի Ռուսաստանի օգնությունից, թե Ռուսաստանն օկուպանտ է: «Հիմնական նպատակը եղել է Ռուսաստանին բռնակալի կերպարանքով ներկայացնելը: Այդ ամենն աջակցվել է կեղծ տեղեկատվությամբ, թե հայկական բանակն ամենուր հաղթում է, եւ որ Ադրբեջանին գրեթե ջախջախել են»,-նշել է փորձագետը:

Հարցին, թե ինչու էր պետք համոզել հայ օգտատերերին, թե ադրբեջանական զորքերին ջախջախել են, Գրիգորյանը նշել է, որ այդպիսով մարդկանց, առաջին հերթին, շեղել են օբյեկտիվությունից: «Երկրորդ հերթին, դա կապ ուներ ներքին քաղաքական օրակարգի եւ հայկական քաղաքական ուժերին երկու ճամբարի բաժանելու հետ: Ապա նրանց դրդել են բախվել միմյանց հետ: Օրինակ, մարտական գործողություններից հետո 1-2 շաբաթ անց միտք է տարածվել, թե Փաշինյանն ամեն ինչ վաճառել է եւ հանձնել Ղարաբաղը, թե ամեն ինչ արդեն կանխորոշված էր»,-հավելել է փորձագետը:

Ընդ որում, նա նշել է, որ հիմնական միտքն այն էր, որպեսզի Հայաստանին խաբեին: «Ամեն կերպ մի թեմա էր պտտվում, որ այդ ամենը կազմակերպել է Ռուսաստանը Կովկասում սեփական ազդեցությունն ընդլայնելու համար»,-ընդգծել է փորձագետը:

«Քաղաքական մարքեթինգում իմ 15-ամյա փորձը թույլ է տալիս պնդել, որ այդ ամենը վերահսկվել է 2-3 կենտրոններից: Իսկ գլոբալ առումով այդ ամենը ղեկավարել է մեկ կենտրոն»,-նշել է նա՝ հավելելով, որ գրեթե անհնար է իմանալ այդ կենտրոնի գտնվելու վայրը:

Խոսելով այն մասին, թե ինչ վնաս է կրել Հայաստանը այդ բոտերի եւ ֆեյք օգտահաշիվների պատճառով, նա ասել է. «Վնասը բավականին լուրջ է՝ սկսած իմիջից, վերջացրած բարոյական վնասից: Ինքներդ դատեք՝ միայն մեկնաբանություններով լսարանը կազմել է ավելի քան 20 մլն օգտատեր: Եթե այդ տեղեկատվական պատերազմն ու արտահոսքը չլինեին, հայերը հավաստի տեղեկություն կստանային: Ընդ որում, մի հետաքրքիր փաստ կա. Ադրբեջանում հենց այնպես չէր, որ անջատեցին ինտերնետը: Այսինքն, մարդիկ, ովքեր այդ ամենը պատրաստել էին, նախ պաշտպանեցին իրենց ցանցերը, ապա սկսեցին հարձակողական մասը»:

Փորձագետը կոչ է արել օգտվել հավաստի աղբյուրներից. «Եթե դուք գրանցված եք սոցցանցերում տարբեր խմբերում, ապա այդ խմբերի ադմինիստրատորները պետք է քիչ թե շատ ճանաչված լինեն: Կարելի է վստահել աղբյուրներին, որոնք աշխատում են տարածաշրջանում արդեն երկար տարիներ: Պետք չէ հավատալ թելեգրամ-ալիքներին, որոնք նոր են հայտնվել»: