Ավստրալիայի զինված ուժերը հնարավոր պաշտոնանկության մասին ծանուցագրեր են ուղարկել 10 հատուկջոկատայինների՝ Աֆղանստանի 39 քաղաքացիական անձանց եւ բանտարկյալների սպանությունների մասին հաղորդելուց հետո, հայտնում է BBC-ն:

Նրանք կասկածվում են սպանության մեղսակցության կամ սուտ ցուցմունքներ տալու մեջ:

Այս զինվորականները առնչություն չունեն հատուկ նշանակության զորքերի 19 այլ անդամների հետ, որոնց սպանությունների համար ազատազրկում է սպառնում:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը եւ բարձրաստիճան զինվորականները արդեն ներողություն են խնդրել տեղի ունեցածի համար:

Հայտնի է, որ աշխատանքից արդեն ազատվել են երկու զինվորականներ: Նրանք դաշտում ականատես են եղել աֆղանցու սպանությանը, եւ այս գործը հեռուստալրագրողների հետաքննության կենտրոնում է հայտնվել:

Հրապարակված զեկույցի արդյունքների համաձայն՝ հատուկ նշանակության ուժերի 25 անդամներ անմիջական մասնակցություն են ունեցել սպանության 23 առանձին դեպքերի: Ընդհանուր առմամբ, դաշնային ոստիկանությանը առաջարկվել է հետաքննել 36 միջադեպ: Ավստրալիայի զինված ուժերի ղեկավար Անգուս Քեմփբելի խոսքով՝ այս սպանություններից ոչ մեկը չի կարելի բնութագրել որպես «թեժ մարտերում կատարված»: