Թուրքիան եւ Կատարը 10 նոր համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության, միջազգային առեւտրի եւ ազատ գոտիների, ինչպես նաեւ ներդրումների վերաբերյալ Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի` Թուրքիայի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում, հաղորդում է Hürriyet-ը:

Պայմանավորվածությունների համաձայն` Կատարի ներդրումային վարչությունը (QIA) ձեռք կբերի Ստամբուլի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 10 տոկոսը, ավարտվել է նաեւ Ստամբուլի İstinye Park առեւտրի կենտրոնի գնման պրոցեդուրան:

Կատարը ներդրումներ է կատարում նաեւ Ստամբուլի պատմական թերակղզում գտնվող Haliç Golden Horn նախագծում, որտեղ մոտորանավերի համար երկու շքեղ նավահանգիստ, երկու հյուրանոց, մզկիթ եւ առեւտրի կենտրոն կկառուցվի: Մեկ այլ մասշտաբային ներդրում է Կատարի կողմից Անթալիայի հարավային նահանգում գտնվող առեւտրային նավահանգստի գնումը: Կատարի եւ Թուրքիայի առեւտրի նախարարությունները պատրաստվում են նաեւ համատեղ առեւտրային հանձնաժողով ստեղծել եւ խթանել միմյանց ապրանքները երկու երկրների ազատ գոտիներում: