Ֆրանսիան եւ Եվրամիությունը դեռ ամուր համաձայնության չեն եկել միջուկային ոլորտը բարեփոխելու Փարիզի ծրագրերի շուրջ, հայտարարել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

Ֆրանսիայի եւ Եվրահանձնաժողովի բանակցությունները ներառում են ARENH գնագոյացման մեխանիզմը, որի համաձայն մրցակիցները կարող են հասանելիություն ունենալ EDF-ի արտադրած միջուկային էներգիային: Քանի որ EDF-ը պետական ընկերություն է, մրցակցային պատճառներով ԵՄ-ն ձայնի իրավունք ունի նրա բարեփոխումների հարցում:

Սպասվող բարեփոխումը, որի արդյունքում EDF-ի միջուկային բիզնեսը կառանձնացվի այլ ձեռնարկություններից, արդեն քննադատություն է առաջացրել արհմիությունների շրջանում՝ այն մտավախությունների ֆոնին, որ առանձնացումը հետեւանքներ կունենա աշխատատեղերի վրա:

«Հանձնաժողովի հետ դեռեւս համաձայնություն չկա որոշ հիմնական չափորոշիչների վերաբերյալ»,- ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը: Պաշտոնյան նշել է, որ դեռ վաղ է խոսել, թե երբ կարող է նոր միջուկային օրենսդրություն հայտնվել: «Բանակցությունները (Բրյուսելի հետ) առաջընթաց են ապրում եւ կառուցողական են»,- հավելել է պաշտոնյան:

Հոկտեմբերին Reuters-ը հաղորդել էր, որ Բրյուսելը EDF-ում բիզնեսի շատ ավելի խիստ բաժանում է պահանջում, քան նախապես ենթադրում էր Մակրոնը:

EDF-ի արհմիությունները կոչ են արել դեկտեմբերի 10-ին գործադուլի երկրորդ օրը անցկացնել բարեփոխման կապակցությամբ, որը հայտնի է որպես Project Hercules։

Ֆրանսիան պետք է նվազեցնի իր կախվածությունը միջուկային էներգետիկայից՝ մինչեւ 2035 թվականը 75%-ից հասցնելով 50%-ի, բայց նաեւ մինչեւ 2023 թվականը պետք է որոշի՝ շահագործման հանձնել արդյոք հաջորդ սերնդի EPR ռեակտորները: