Ֆրանսիայի` ծայրահեղականության դեմ պայքարի քաղաքականության էությունը խեղաթյուրվել է եւ իսլամաֆոբ չէ, ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը Դոհա կատարած այցի ժամանակ:

Փարիզը քննադատության է ենթարկվում որպես իսլամիստական արմատականությունը ճնշող ներկայացված օրինագծի համար, որը խստացնում է կրոնական կրթության եւ բազմակնության կանոնները` ծայրահեղականների կողմից իրականացված մի շարք հարձակումներից հետո:

Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ հարձակումներից հետո «մեր դիրքորոշումները եւ հայտարարությունները (ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ) հիմնականում խեղաթյուրվել են` մեր երկրի դեմ արշավի շրջանակներում: (Մեր դիրքորոշումը) կարող էր սխալ ընկալվել հավատացյալների կողմից, ովքեր, գուցե, անհարգալից վերաբերմունք են զգացել իրենց հավատալիքների նկատմամբ,- ասել է Լե Դրիանը:- Մենք խորապես հարգում ենք իսլամը»:

Ֆրանսիայի եւ մուսուլմանական երկրների միջեւ լարվածությունը սրվել էր նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների պատճառով Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների կապակցությամբ:

Չնայած Կատարն ուղղակիորեն չի քննադատել Ֆրանսիային, որոշ հայտնի կատարցի ռիթեյլերներ ի պատասխան բոյկոտել են ֆրանսիական ապրանքները:

Լե Դրիանի հետ միասին ելույթ ունեցած Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին հայտարարել էր, «բռնի ծայրահեղականությունը որեւէ կրոնի հետ կապված չէ»: «Մենք պետք է ամուր կերպով պայքարենք իսլամաֆոբ խոսքի դեմ, ինչպես աշխարհն է պայքարում ռասիստական ​​հռետորաբանության բոլոր ձեւերի դեմ»,- ասել է նա: