Իսրայելն ու Մարոկկոն պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակներում: Այսպիսով, Մարոկկոն դարձավ վերջին չորս ամիսների ընթացքում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող չորրորդ արաբական երկիրը:
Համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է ճանաչել Արեւմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությունը: Հինգշաբթի օրը Թրամփը Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ի հետ հեռախոսազրույցում ամրագրել է համաձայնությունը, ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան:
Ըստ համաձայնագրի՝ Մարոկկոն կստեղծի լիարժեք դիվանագիտական հարաբերություններ եւ կվերսկսի պաշտոնական կապերը Իսրայելի հետ, կապահովի օդային տարածք եւ կբացի ուղիղ չվերթներ դեպի Իսրայել եւ այնտեղից՝ բոլոր իսրայելցիների համար:
«Նրանք պատրաստվում են անհապաղ վերաբացել իրենց կապի գրասենյակները Ռաբատում եւ Թել Ավիվում՝ դեսպանատները վերաբացելու մտադրությամբ: Դա կնպաստի իսրայելական եւ մարոկկյան ընկերությունների տնտեսական համագործակցությանը»,- ասել է Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:





























