Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար Թուրքիայի հավաքագրած սիրիացի վարձկանները չէին սպասում, որ առաջնագծում մարտական գործողությունների կնետվեն, հայտնում է BBC-ն՝ հղում անելով ռազմական գործողություններին մասնակցած չորս սիրիացիների:
Դեռ այս տարվա օգոստոսին արտասահմանում լավ վարձատրվող աշխատանքների մասին լուրեր էին սկսել շրջանառվել Սիրիայի՝ զինյալների կողմից վերահսկվող հյուսիսային տարածքներում:
«Ես ունեի մի ընկեր, ով ասաց, որ կարելի է լավ փող աշխատել, պարզապես պետք է մնալ Ադրբեջանի ռազմական անցակետերում»,- ասել է նրանցից մեկը: «Նրանք մեզ ասացին, որ մեր առաքելությունը լինելու է սահմանի պահակախումբ լինելը՝ որպես խաղաղապահներ: Առաջարկեցին ամսական 2000 դոլար: Դա մեզ համար մի ամբողջ կարողություն է»,- ասել է մեկ ուրիշը:
Երկուսն էլ դիմել են, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակը կազմող Թուրքիայի կողմից աջակցվող խմբակցություններին:
Մի տարածքում, որտեղ քչերն են օրական 1 դոլարից ավելի վաստակում, խոստացված աշխատավարձը մի տեսակ երկնային պարգեւ էր: Մոտավորապես 1500-2000 մարդ է գրանցվել եւ մեկնել Ադրբեջան՝ Թուրքիայով՝ թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով:
Բայց աշխատանքը այնպիսին չէր, ինչպիսին խոստացել էին: Այս մարդիկ, որոնցից շատերը չունեին ռազմական փորձ, հավաքագրել էին պատերազմի համար, ինչպես նրանք շուտով հայտնաբերել էին, երբ նրանց բերել էին առաջնագիծ ու հրամայել կռվել:
«Չէի կարծում, որ ողջ կմնամ»,- ասում է Կուտայբան: «Շանսերը 1% էին: Մահը մեր շուրջն էր»: «Իմ առաջին մարտը սկսվել է իմ ժամանման հաջորդ օրը»,- ասում է Իսմայիլը:
«Ինձ եւ մոտ 30 հոգու ուղարկվեցին առաջնագիծ: Քայլեցինք մոտ 50 մետր, երբ հանկարծ հրթիռ ընկավ մեր կողքին: Ես նետվեցի գետնին: Հրետակոծությունը տեւեց 30 րոպե անընդմեջ: Այդ րոպեները տարիներ էին թվում: Հետո ափսոսացի, որ եկել եմ Ադրբեջան»:
«Մենք չգիտեինք ինչ անել եւ ինչպես արձագանքել»,- ասում է Սամիրը՝ հավելելով, որ ինքը եւ իր ընկերներից շատերը ռազմական փորձ կամ պատրաստվածություն չունեին: «Ես տեսել եմ մահացող տղամարդկանց եւ մյուսներին, որոնք փախչում էին: Նրանք գաղափար չունեին ուր են գնում, քանի որ հիմնականում քաղաքացիական անձինք էին»:
Բոլոր տղամարդիկ պնդում են, որ պաշտպանության կամ բժշկական օգնության քիչ միջոցներ են ստացել: Նրանց ընկեր մարտիկներից շատերը արյունահոսել են այն վերքերից, որոնք դաշտային բուժաշխատողները կարող էին հեշտությամբ բուժել:
«Ամենադժվար պահն այն էր, երբ իմ ընկերներից մեկը վիրավորվեց»,- ասում է Իսմայելը, ով հետագայում բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել է: «Նա ինձանից 20 մետր հեռավորության վրա էր, երբ արկն ընկավ: Ես տեսա, թե ինչպես է նա ընկնում: Նա կանչում էր, բղավում, բայց նրա տեղը խոցելի էր հայկական գնդացիրների համար: Ես չէի կարող նրան օգնել: Ի վերջո, նա պարզապես մահացավ այնտեղ»:
Մեկ այլ սիրիացի ասել է, որ երբ սկսվել է գնդակոծությունը, ինքը վախից կաթվածահար է եղել: «Ես հիշում եմ, որ պարզապես նստած էի գետնին եւ լաց էի լինում, եւ իմ վիրավորված ընկերներն էլ սկսեցին լաց լինել»,- ասում է նա: «Ես դա տեսնում եմ ամեն օր: Ինչ վերաբերում է ինձ, ես հիմա էլ նստած լաց եմ լինում: Ես չգիտեմ, թե ինչպես գոյատեւեցի այս պատերազմում»:
Ռազմական վերլուծաբան Մայքլ Կոֆմանը կարծում է, որ վարձկանների հավաքագրման նպատակը, կարծես, եղել է ադրբեջանական զորքերի կորուստը նվազագույնի հասցնելը: «Նրանք սկզբում շատ զոհեր ունեցան, հատկապես հարավ-արեւելքում, եւ այդ վարձկանները հիմնականում օգտագործվում էին որպես առաջին ալիքի ծախսվող զորքեր»,- ասում է նա: «Նրանք բավականին ցինիկորեն հաշվարկել էին, որ եթե պարզվի, որ այդ հարձակումները վաղ փուլում անհաջող էին, ապա ամենալավը կլինի, եթե այդ զոհերը լինեն վարձկաններից, այլ ոչ թե ադրբեջանական զորքերից: Ոչ ոքի պետք չեն վարձկանները»:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր անց, սեպտեմբերի վերջին, հարյուրավոր վարձկաններ վայր են դրել զենքերը եւ հրաժարվել են կռվել: «Հրամանատարները սկսեցին մեզ սպառնալ, որ ինը ամիս մեզ բանտ կնստեցնեն Ադրբեջանում: Հետո նրանք ասացին, որ նույնիսկ երբ վերադառնանք Սիրիա, նրանք կձերբակալեն մեզ»,- ասել է Սամիրը:
«Բայց այդ ժամանակ 500 հոգով ապստամբում էինք, եւ մենք իսկապես սկսեցինք ճնշում գործադրել նրանց վրա: Նրանք կազմել էին մեր ցուցակը: Հետո հինգ-վեց օր անց եկան եւ ասացին, որ պատրաստվենք մեկնելու»:
Սամիրն ասում է, որ այդ մարդկանցից ոչ մեկին չեն վճարել իրենց խոստացած 2000 դոլարի մեկ ցենտն անգամ, եւ շատերը հետ չեն ստացել իրենց անձնական իրերը, որով նրանք ժամանել են Ադրբեջան: Նա նաեւ պնդում է, որ Սիրիա վերադառնալուն պես ապստամբ խմբավորման հրամանատարները սպանել են ապստամբության կազմակերպման մեջ մեղադրվող չորս մարդու:





























