Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի պատժամիջոցները «Ահմադ» ակումբի եւ «Ահմադ Կադիրով» հիմնադրամի նկատմամբ, ասել է, որ այդ սահմանափակումները ոչ մի կերպ չեն ազդի հանրապետության վրա:

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել «Ահմադ Կադիրով» հիմնադրամի դեմ, որը ստեղծվել է Ռամզան Կադիրովի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հարակից ընկերությունների եւ մարզական ակումբների, այդ թվում` «Ահմադ» ակումբի դեմ: Մեծ Բրիտանիան նույնպես իր պատժամիջոցներն է սահմանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես չեմ զարմանում այս իրադարձությունից եւ չեմ վախենում: Այս պատժամիջոցները չեն ազդում Չեչնիայի Հանրապետության եւ դրա զարգացման վրա: Մենք վերականգնել ենք տարածաշրջանը միջազգային ահաբեկիչների (հիշեցնում եմ, որ նրանց հարազատները չեն ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների) գործողությունների հետեւանքներից, մենք ֆուտբոլ կխաղանք (անկախ նրանից, թե ով կփորձի փչացնել խաղացողների եւ երկրպագուների տրամադրությունը), կօգնենք կարիքավորներին, կկառուցենք, կվերածնենք, կվայելենք կյանքը»,- իր Telegram-ալիքում գրել է Կադիրովը: «Երկու երկրներն էլ համաձայնեցնում են ցուցակները: Ըստ ամենայնի, նրանք թուղթ են խնայում: Ես այստեղ լրջորեն մտածում եմ դիմել Գինեսի գրքին: Ռեկորդը կկրի «Պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված մեկ հանրապետության ամենամեծ թվով մարդիկ եւ կազմակերպությունները» անվանումը: Յուրաքանչյուր նոր պատժամիջոցների դեպքում այս ռեկորդը գերազանցելն ավելի ու ավելի դժվար կլինի»:

Կադիրովը նոր պատժամիջոցները ամոթալի է անվանել եւ նշել է, որ Վաշինգտոնը «դեռ պատասխան կստանա» դրանց համար: