Հրապարակվել է դեկտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով 12:00-ին տեղի ունենալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրված լրագրողների ցուցակը: Ցուցակում ընդհանուր ընդգրկված է մամուլի 774 ներկայացուցիչ, այս թիվը գրեթե 2,5 անգամ ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահի անցյալ տարվա մամուլի ասուլիսը ռեկորդ էր սահմանել հավատարմագրված լրագրողների թվով. այդ ժամանակ ցուցակում ընդգրկված էր 1 895 մարդ:

Այս տարի հարմարավետությաան համար ցուցակը ըստ դաշնային շրջանների խմբերի է բաժանված, քանի որ համաճարակաբանական պայմանների պատճառով մամուլի ասուլիսի կազմակերպումը փոփոխվելու է: Օտարերկրյա եւ ռուսական դաշնային լրատվամիջոցների ներկայացուցիչները ավանդաբար լինելու են Մոսկվայում Միջազգային առեւտրի կենտրոնում, իսկ մարզային թղթակիցներն աշխատելու են դաշնային շրջանների հարթակներում:

Ամենամեծ թվով լրագրողներ՝ 237, հավատարմագրվել են Մոսկվայում, ՄԱԿ հարթակում: Նրանց թվում է նաեւ «Լենինգրաադ» խմբի առաջնորդ Սերգեյ Շնուրովը, որը հունիսին դարձել է RTVI գլխավոր պրոդյուսերը: Ցուցակում նա նշված է որպես հեռուստաալիքի թղթակից: Ամենաքիչ թվով լրագրողներ կլինեն Ստավրոպոլի մամուլի կենտրոնում: Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում հավատարմագրում է ստացել լրատվամիջոցների 41 ներկայացուցիչ:

Կրեմլի մամուլի ծառայությունից նշում են, որ միջոցառման անցկացման վայրերի եւ մուտքի կարգի վերաբերյալ տեղեկությունները հավատարմագրված լրագրողները կստանան հայտերի վրա նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը կատարելու են «Ռոսիա-1», «Ռոսիա-24», «Առաջին ալիք», «ՆՏՎ» եւ «ՄԻՌ» հեռուստաալիքները, ինչպես նաեւ «Մայակ», «Վեստի ՖՄ» եւ «Ռադիո Ռոսիի» ռադիոկայանները: Սուրդոթարգմանությունն ուղիղ եթերում իրականացնելու է «Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունը (ՕՌՏ), ինչպես նաեւ ՕՌՏ-ի կայքը: