ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) Moderna ընկերության մշակած պատվաստանյութը համարել է անվտանգ եւ արդյունավետ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով գերատեսչության զեկույցին:

Զեկույցում ասվում է, որ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 94,1%:

Ըստ զեկույցի՝ պատվաստանյութը գրեթե միանման արդյունավետ է տարբեր ռասայական եւ էթնիկ խմբերի շրջանում: Ընդ որում, մշակումը ցույց է տվել 86,4% արդյունավետություն 65 տարեկանից բարձր անձանց խմբում եւ 95,6%՝ 18-65 տարեկան անձանց խմբում:

Զեկույցը հրապարակվել է ԱՄՆ առողջապահության նախարարությանը ենթակա գերատեսչությունների փորձագետների խմբի հանդիպման նախաշեմին: Հանդիպման ժամանակ մասնագետները որոշում կկայացնեն, թե արդյոք պետք է տվյալ պատվաստանյութը խորհուրդ տալ զանգվածային պատվաստման համար, թե՝ ոչ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Դեկտեմբերի 1-ին Moderna-ն հայտնել է, որ հարցում է ուղարկել FDA-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվություն ստանալու համար: Ավելի վաղ հաղորդվել է պատվաստանյութի 94,1%  արդյունավետության մասին:

Ավելի վաղ FDA-ն հավանություն է տվել Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութերի կիրառմանը: Նախօրեին ԱՄՆ-ում մեկնարկել է զանգվածային պատվաստումը: