Շատ ամերիկացիներ կարծում են, որ Արեւելյան Եվրոպայի ողջ տարածքը, որը գտնվում է Ռուսաստանի հարեւանությամբ, շատ հեռու է եւ դժվար է ընկալվում: Աշխարհի այս հատվածում մեծ եւ փոքր մի շարք երկրներ կան, որոնք, որպես կանոն, ամերիկյան նորություններում ամենաքննարկվողներից չեն եւ որոնք ամերիկացի զբոսաշրջիկները հազվադեպ են այցելում: Այս հեռավոր շրջանի մեծ մասին ծանոթանալու համար նպատակահարմար կլիներ նայել այս տարածաշրջանին` կենտրոնանալով Սեւ ծովի վրա եւ այս ջրային օբյեկտը որպես տարածաշրջանի հիմնական մասի առանցքային կողմնորոշիչ դիտարկել: Սա ոչ միայն օգնում է պարզել, թե ինչ է պլանավորում Ռուսաստանն իր մերձավոր արտասահմանի հետ կապված, այլեւ լույս է սփռում Չինաստանի գործողությունների վրա եւ նրա վրա, թե ինչպիսի պատասխան գործողություններ են պահանջվում Ամերիկայից, գրում է The National Interest-ը:

Սեւծովյան տարածաշրջանը հարկավոր է դիտարկել որպես մի տարածք, որի կազմում երեք խոշոր եւ կարեւոր հենակետ կա` Ուկրաինան հյուսիսում, Թուրքիան հարավում եւ Ռուսաստանը հյուսիս-արեւելքում: Բացի այդ, տարածաշրջանի երկու կողմերում կա երեք երկիր` Ռումինիան, Բուլղարիան եւ Մոլդովան ձախից կամ Արեւմուտքում, ինչպես նաեւ` Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը` արեւելքում: Թուրքիան, Ռումինիան եւ Բուլղարիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են. Ամերիկան ​​եւ ՆԱՏՕ-ի մյուս 26 անդամ երկրները (ընդհանուր 30) պարտավոր են պաշտպանել դրանք Փոխադարձ պաշտպանության պայմանագրի շրջանակներում: Եվ չնայած Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, Միացյալ Նահանգները դեռ 1994-ին խոստացել են (Ռուսաստանի հետ միասին) օգնել պաշտպանել այն եւ ապահովել դրա անվտանգությունը, եւ ուստի Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ 2014 թվականից այդպիսի մտահոգություններ են առաջացնում: Դա չի նշանակում, որ Ամերիկան ​​պետք է նախապատրաստվի Չինաստանի կամ Ռուսաստանի դեմ պատերազմին Սեւծովյան տարածաշրջանում: Սեւ ծովը հեռու է Չինաստանի ափերից. հիմնական ռազմական խնդիրները կապված են Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում գտնվող Չինաստանի հետ: Ավելին, ինչպես Բրուքինգսի ինստիտուտում դեկտեմբերի 2-ին իր ելույթում ասաց Միացյալ Նահանգների Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Մարկ Միլլին (Mark Milley), Ամերիկան ​​գերտերությունների մրցակցության վիճակում է, այլ ոչ թե` հակամարտության: Եվ մենք պետք է ձգտենք պահպանել գոյություն ունեցող իրավիճակը` միեւնույն ժամանակ ազդեցության հարցերում հաջողությամբ մրցակցելով Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:

Իսկապես, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ այլ վայրերում, Չինաստանը չի ներկայացնում ուղիղ ռազմական սպառնալիք, այն ավելի շուտ մարտահրավեր է նետում ԱՄՆ շահերին էկոնոմիկայի, տեխնոլոգիաների եւ լրտեսության ոլորտում: Ավելի կոնկրետ խոսելով՝ հարկ է նշել հետեւյալը.

• «Մեկ գոտի եւ մեկ ուղի» իր նախաձեռնության շրջանակում Չինաստանն առաջարկում է վարկեր իր տարածաշրջանում եւ հարեւան բազմաթիվ երկրներին: Վարկեր է առաջարկում նաեւ Սեւ ծովի երկրներին: Սակայն Չինաստանի հաճախորդները պետք է զգուշանան. այդ երկիրը գումար է տալիս որոշակի պայմաններով: Ամերիկան պետք է օգնի տարածաշրջանի երկրներին հասկանալ դա եւ անի այնպես, որ նրանք կարողանան ընդունել վարկերը՝ գիտակցելով իրենց հետագա պարտավորությունները:

• Չինական ծրագրային եւ ապարատային ապահովությունն օպտիմիզացված է բնակչության մանրակրկիտ հսկողություն իրականացնելու եւ նրանց հետեւելու համար, այսինքն, եթե եւ երբ Սեւ ծովի տարածաշրջանը դիմի չինական տեխնոլոգիաներին, անգամ մասնավոր ընկերություններից, այնպիսի ոլորտներում, ինչպես 5G-ն է, նրանց կսկսեն հետեւել: Դա ամրագրված է Չինաստանի՝ քաղաքացիական, կոմերցիոն եւ ռազմական ճյուղերի «ինտեգրման մասին օրենքում» հատուկ ծառայությունների մասնակցությամբ: Պեկինն անգամ չի ձեւացնում, որ դա այդպես չէ:

• Չինաստանն ակտիվորեն փորձում է գնել ակցիաներն այն ոլորտի ձեռնարկություններից, որոնք ունեն հսկայական հետեւանքներ անվտանգության համար: Դրա վառ օրինակն է Ուկրաինայում «Մոտորսիչ» ձեռնարկությունը, որն արտադրում է ուղղաթիռների եւ ինքնաթիռների բարձրորակ շարժիչներ: Հաշվի առնելով, որ Ուկրաինայի տնտեսության համար այժմ հեշտ ժամանակներ չեն, այդպիսի ակտիվները կարող են դառնալ համեմատաբար հեշտ ձեռքբերում կարծես թե բարեկամական, սակայն եւ վտանգավոր օտարերկրյա ներդրողի համար:

• Ընդհանուր առմամբ, «չինական» ենթակառուցվածքի համար հեռանկարի դիմաց պետք է վճարել բաժնետոմսերի որոշիչ փաթեթով:

• Իսկ չինական վարկերը չվերադարձնելը հանգեցնում է նրան, որ չինացիները դառնում են ակտիվների սեփականատերերը, իսկ վարկը չվերադարձնելը հավանական է, երբ խոշոր նախագծեր են թելադրվում թույլ տնտեսություն ունեցող ոչինչ չկասկածող երկրներին, եւ նրանց ներդրումային որոշումներին թափանցիկության բացակայությամբ:

Բարեբախտաբար, Ամերիկան կարող է շատ բան անել, որպեսզի առաջարկի տարատեսակ օգնություն, որն արդեն ցուցադրում է խոստումնալից արդյունքներ աշխարհի ուրիշ տարածաշրջաններում: Օրինակ, Մալայզիան եւ Պակիստանը հասկացել են, որ կարող են հրաժարվել չինական մասշտաբային նախագծերից, որոնք այնքան էլ չեն օգնի նրանց ստեղծել աշխատատեղեր (քանի որ Չինաստանը «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության շրջանակում նախագծերն իրականացնելու համար ներգրավում է հիմնականում իր աշխատողներին), սակայն կստիպեն այդ երկրներին կուտակել եւ արդյունքում մարել մեծ պարտքեր: Չինաստանի այդպիսի պրակտիկայի դեմ պայքարում զգալի դեր կարող է ունենալ տվյալների կենտրոնացված բազան, որը թույլ կտար հետեւել Չինաստանի այդպիսի գործողություններին եւ կօգներ երկրներին հաշվարկել առաջարկված նախաձեռնությունների եւ պայմանագրերի բոլոր դրական եւ բացասական կողմերը:

Կարճ ասած՝ Ամերիկան պետք է մասնակցի: Նա պետք է լինի այդ տարածաշրջանում առաջատար կազմակերպություններից մեկը: ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն կարեւոր են՝ որպես կառույցներ, որոնք լրացնում են մեր դիվանագիտությունը: Բայդենի նոր վարչակազմը պետք է ճանաչի Սեւ ծովը՝ որպես կարեւոր տարածաշրջան, որում հիմնական շեշտադրումը պետք է անել դիվանագիտության եւ տնտեսական համագործակցության վրա:

Դրական է այն, որ Սեւ ծովի տարածաշրջանի ապագան չպետք է կապված լինի պատերազմի հետ: Ռազմական աջակցությունը կարեւոր է, սակայն դա միայն փոխազդեցության գործիքներից մեկն է այդ կենսական կարեւորություն ունեցող տարածաշրջանում: Իրադարձությունների բացասական զարգացումից խուսափելու համար Ամերիկան պետք է գործի արդյունավետ, լինի համբերատար եւ չդադարի գործել… եթե ցանկանում է դա անել եւ ընդունել որոշում, դա նրա մոտ լավ կստացվի: Ժամանակն է որոշում կայանցել: