ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը մյուս տարի Համագործակցությունում նախագահող Բելառուսի առաջարկով կանցկացվի հոկտեմբերի 15-ին Մինսկում: Այս մասին այսօր միավորման անդամ երկրների ղեկավարների խորհրդակցության ժամանակ ասել է Համագործաակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Բելառուսի Հանրապետությունը նաեւ առաջարկում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2021 թվականի հոկտեմբերի 15-ին Մինսկում»,- ասել է նա:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բարձր է գնահատում ԱՊՀ պետությունների ղեկավարների որոշումը 2021 թվականին Համագործակցության նախագահությունը Մինսկին փոխանցելու մասին, եւ պատրաստակամություն է հայտնել մյուս տարի գործընկերներին հրավիրել առերես հանդիպման Բելովեժյան արգելոցում:
«Սա գնահատում եմ որպես մեծագույն վստահություն Բելառուսի եւ Բելառուսի նախագահի հանդեպ ու ձեզ սպասում եմ հոկտեմբերի 15-ին»,- ասել է Լուկաշենկոն:
Նիստը նախագահող Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը հույս է հայտնել, որ Համագործակցության երկրների ղեկավարների հաջորդ՝ հոբելյանական հանդիպումն «արդեն առերես կանցկացվի հոյակապ քաղաք Մինսկում»:
Դրան Լուկաշենկոն պատասխանել է. «Եթե ասեք, ապա հնարավոր է նաեւ Բելովեժյան արգելոցում»:
1991 թվականի դեկտեմբերին Բելովեժյան արգելոցի Վիսկուլի նստավայրում ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության պայմանագիրը, ինչը նշանակել է ԽՍՀՄ գոյության դադարեցում:




























