ՀՀ արդարադատության նախարարության կողմից նոր շրջանառության մեջ դրված արտակարգ դատարանների ստեղծման օրենքի նախագծի հետեւում տեսնում եմ ցանկություն՝ ունենալ դատարան, որը կդակի իրենց բոլոր միջնորդությունները եւ իրենց ոչ հաճո մարդկանց կկալանավորի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Այս նախագիծն, իհարկե, քաղաքական է, իհարկե, նպատակ ունեն չգիտեմ՝ ում նշանակել, որ իրենց կալանավորումներն ու խուզարկություններն արագ-արագ տան: Որպես իրավաբան՝ ես կողմ եմ նման ռեֆորմի, բայց ոչ հիմա, այլ, երբ մենք ունենանք կայուն երկիր, միջդատական վարույթով զբաղվող մասնագիտացված դատավորներ կամ դատարան ունենալը շատ մեծ առաջընթաց է, բայց պետք է զուգորդվի որոշակի ռեֆորմներով՝ նախաքննության ընթացքի համար, ոչ միայն խոսքը կարող է գնալ այդ մի քանի գործողության համար դատարան կամ դատավոր ունենալու մասին: Դա մեծ ռեֆորմ է, միտքը լավն է, բայց հիմա ինչ-որ առաջարկում է Արդարադատության նախարարը, ես նրանց ամեն մի քայլ ընդունում եմ, որ պիղծ է եւ սուտ։ Բնականաբար, սրա հետեւում տեսնում եմ ցանկություն՝ ունենալ դատարան, որը կդակի իրենց բոլոր միջնորդությունները եւ իրենց ոչ հաճո մարդկանց կկալանավորի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նա նշեց, որ այս նախագիծը կյանքի կոչելու համար մաքսիմալ շտապելու դեպքում 4-ից 5 ամիս անհրաժեշտ է:

Հարցին, ըստ իրեն, արդյոք կլինե՞ն այնպիսի դատավորներ, որոնք կհամաձայնվեն գործն անել, փաստաբանը պատասխանեց. «Գարեգին Նժդեհի խոսքերն են, որ հայի տականքն առանձնահատուկ տականք է։ Հիմա դուք տեսնում եք տականք կարմիրբերետավորների, որոնք, ծեծում են ցուցարարներին, վախենում եք՝ նման տականքներ չգտնե՞ն ու նշանակեն դատավոր, որ իրենց ուզածը անեն: Հաստատ կգտնեն, այս ազգի մեջ տականք գտնելը դժվար չէ»։

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ միջազգային պրակտիկայում նախաքննությամբ զբաղվող առանձին դատարաններ կան. «Հարցը նրանում է, որ այդ դատարանները 2-3 միջնորդության քննարկման համար չեմ ստեղծվում, գրեթե ամբողջական նախաքննության ռեֆորմ է լինում ու նույնիսկ հետախուզումն է թույլ տալիս այդ դատարանը. գրեթե բոլոր գործողությունները, որ կարող են այս կամ այն կերպ անձի ազատությունները սահմանափակել, բոլորը անցնում են դատարաններով»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ դատական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ փաստաբանը շեշտեց, որ նախ այդ հանդիպումն ինքնին հանցագործություն էր, որի համար մի օր մեղադրանք առաջադրվելու է.

«Այն, որ դատական համակարգն իրենք չեն կարողանում ամբողջությամբ վերցնել վերահսկողության տակ, դա փաստ է։ Եվ ամեն ինչ անում են, որ այդ վիճակը հաղթահարեն, որպեսզի կարողանան լայնամասշտաբ ռեպրեսիաներ կիրառել: Բայց դա նրանց չի հաջողվի, որովհետեւ նույնիսկ ռեպրեսիայի նման բացասական երեւույթը իրականացնելու համար խելք է պետք, սրանք մարդ չեն, ուրիշ բառ չգիտեմ, սրանք այդ խելքն էլ չունեն, տգետ են, ուստի նրանց ցանկացած նախաձեռնություն, ես համոզված եմ՝ ձախողվելու է»։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող նախագծի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ դատական օրենսգրքում:

Նախագծով ներդրվելու է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։

Նախատեսվում է նաեւ ունենալ սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, որոնք կքննեն նշված գործերը, ինչը մի կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման եւ քրեական գործերի քննության արագությանը։