ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեռեւս պատրաստակամություն չի դրսեւորել զիջել բողոքի ցույցերի մասնակիցներին, ուրբաթ անսպասելի քայլի է դիմել: Նա հայտարարել է 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու պարտաստակամության մասին, իսկ մինչ այդ որոշել է հրավիրել երկրի բոլոր քաղաքական ուժերին խորհրդակցությունների համար: Ընդ որում՝ Փաշինյանը համոզված է, որ քաղաքացիների մեծամասնությունը դեռեւս աջակցում է նրան՝ չնայած ղարաբաղյան հակամարտությունում պարտությանը, գրում է «Կոմերսանտ»-ը:
Վարչապետի հայտարարությունից պարզ էր, որ այդ ընտրություններում ընդդիմության հաղթանակը բնավ երաշխավորված չէ, դեռ ավելին, նա պատրաստ է ժողովրդի վստահության քվեն ստանալու դեպքում հետագայում շարունակել Հայաստանի ղերակավրումն այս բարդ շրջանում: Փաշինյանի խոսքով՝ դեռեւս ընդդիմությունը չի ստացել ժողովրդական աջակցություն, հակառակ դեպքում իր ընդդիմադիրների ֆինանսական, տեխնիական եւ մեդիա հնարավորությունների դեպքում ընդդիմադիրներն արդեն վաղուց կհավաքեին էլ ավելի մասշտաբային բողոքի ակցիաներ:
Միեւնույն ժամանակ պարոն Փաշինյաննն ընդգծել է. «Ես չեմ կառչում վարչապետի աթոռից»: Նա հավաստիացրել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից, «եթե դա լինի ժողովրդի որոշումը»: Եւ միայն այդ դեպքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում եռակողմ հայտարարության պահից ի վեր Հայաստանում չեն դադարում բողոքի ցույցերը: Դրանց մասնակիցները Նիկոլ Փաշինյանին համարում են ազգային շահերի դավաճան եւ պահանջում նրա հրաժարականը: Նրանք անգամ վերջնագիր են ներկայացրել նրա, որ եթե վարչապետը կամավոր չհեռանա, նրանք կստիպեն նրան անել դա: Սակայն բոլոր վերջնագրերն անտեսվել են: Իշխանությունները կոշտ մեթոդները չեն կիրառել ցուցարարներին ցրելու համար, սակայն հարուցել են քրեական գործեր առավել ակտիվ ընդդիմադիրների նկատմամբ: Այսպես, քրեական գործ է հարուցվել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ, որը բռնության կոչեր էր անում՝ հայտարարելով. «Նա, ով կսպանի Նիկոլին, պետք է պարգեւատրվի ազգային հերոսի կոչումով կամ ստանա միլիոն դոլար՝ որպես պարգեւատրում»: Այդ արտահայտությունը գրավել էր ՀՀ Քննչական կոմիտեի ուշադրությունը:
Գործող իշխանության նկատմամբ բացահայտ դժգոհություն է ցուցաբերել նաեւ ՏԻՄ պաշտոնյաներն ու հոգեւորականները: Այսպես, դեկտեմբերի 21-ին Փաշինյանը որոշել էր այցելել Սյունիքի մարզ: Սիսիան քաղաքի եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ցանկացել էր սեղմել հոգեւորական Պարգեւ Զեյնալյանի ձեռքը, սակայն նա ցուցադաբար հրաժարվել էր՝ ասելով, որ վարչապետին Աստծո դատաստանն է սպասվում:
Հաջորդ օրվանից ցույցերը նորովի էին սկսվել: Եթե նախկինում վարչապետի ընդդիմադիրները խաղաղ քայլերթեր էին կազմակերպում, այժմ հայտարարվել է անժամկետ համազգային գործադուլի մասին: Ավելի ուշ՝ երեկոյան, նրանք փակել էին Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում է նախագահի նստավայրն ու խորհրդարանի շենքը: Նրանցից մի մասը բերման էր ենթարկվել: Ցուցարարների հետ բախումների ժամանակ ոստիկան է տուժել:
Այժմ հարց է՝ կբավարարի՞ արդյոք Փաշինյանի ուրբաթօրյա զիջումն ընդդիմադիրներին, որոնք պահանջել են նրա հրաժարականը: Եւ անգամ հասցրել են առաջ քաշել իրենց թեկնածուին վարչապետի պաշտոնում՝ երկրի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին, գրում է Կոմերսանտ-ը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ դեռեւս Փաշինյանն ունի ժողովրդի մանդատը, սակայն հաջորդող ցանկացած ընտրություններում նա կպարտվի իր վարկանշի պատճառով: Փորձագետի խոսքով՝ արտահերթ ընտրությունների մասին իր հնարավոր համաձայնության վերաբերյալ հարտարարելով՝ Նիկոլ Փաշինյանը այդկերպ տեղափոխում է իր որոշումն արդեն հաջորդ տարի եւ, հնարավոր է, նրան հաջողվի հետաձգել ընդդիմության հետ բանակցություններն այդ հարցի շուրջ մինչեւ հունվար կամ փետրվար:





























