Սաուդյան Արաբիան որոշել է կորոնավիրուսի նոր շտամի պատճառով եւս մեկ շաբաթով երկարացնել սահմանների ամբողջական փակումը, նշված է թագավորության ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է SPA սաուդյան լրատվական գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սուդյան Արաբիան դեկտեմբերի 21-ին հայտարարել էր միջազգային ավիահաղորդակցության դադարեցման եւ ծովային ու ցամաքային սահմանային անցումները փակելու մասին՝ մի շարք երկրներում հայտնաբերված նոր կորոնավիրուսի մուտացիայի պատճառով: Սաուդյան Արաբիայի օրինակին են հետեւել տարածաշրջանի այլ երկրներ՝ Օմանը եւ Քուվեյթը: Սակայն Օմանը կիրակի հայտարարել էր դեկտեմբերի 29-ից սահմանները բացելու մասին:
«Արտակարգ դեպքերից բացի, միջազգային ավիահաղորդակցության դադարեցումը, ինչպես նաեւ թագավորության ծովային ու ցամաքային սահմաններով անցնելու արգելքը երկարացվում են եւս մեկ շաբաթով՝ մի շարք երկրներում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերվելու պատճառով եւ իրավիճակը եւս մեկ շաբաթ ուսումնասիրելու համար»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:





























