Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հասան Դիաբը հայտարարել է, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով ՀԴԲ-ի հետաքննությունը ցույց է տվել, որ դրա պատճառը 500 տոննա ամոնիումի նիտրատն է:
Նախկինում նա հայտարարել էր, որ ավելի քան 2700 տոննա ամոնիումի նիտրատային պարարտանյութեր են տարիներ շարունակ չհամակարգված պահվել նավահանգստի պահեստում: Բայց ԱՄՆ ներքին հետախուզության զեկույցում, որն օգնություն է ցուցաբերել Լիբանանին հետաքննության մեջ, ասվում է, որ պայթել է այդ թվի քառորդից էլ պակաս մասը, ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Դիաբը: «ՀԴԲ զեկույցը ցույց է տվել, որ պայթած ամոնիումի նիտրատի քանակն ընդամենը 500 տոննա է կազմել»,- ասել է նա: «Ո՞ւր է կորել (մնացած) 2200 տոննան»,- տարակուսել է նա, հայտնում է AFP-ն:
Պայթյունից գրեթե հինգ ամիս անց քիչ բան է հայտնի դրա պատճառների մասին: Հետաքննության դանդաղ տեմպը առաջացրել է ներքին վրդովմունք եւ ուժեղ անվստահություն միջազգային դոնորների շրջանում, որոնց աջակցությունը ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի Լիբանանը հնարավորություն ունենա հաղթահարել վերջին տասնամյակների ամենախորը տնտեսական ճգնաժամը:
Գլխավոր հետաքննող դատավոր Ֆադի Սավանն այս ամիս մեղադրանքներ է առաջադրել Դիաբին եւ երեք նախկին նախարարների: Նա նրանց մեղադրել է «անփութության եւ հարյուրավոր մարդկանց մահ ու հազարավորներին վնասվածքներ պատճառելու մեջ»:
Այդ ժամանակվանից պայթյունի հետաքննությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ մեղադրվող նախարարներից երկուսը պահանջել են փոխարինել Սավանին:
Հետաքննության արդյունքում ձերբակալվել է առնվազն 25 կասկածյալ, այդ թվում՝ նավահանգստի պետը եւ մաքսային տնօրենը, բայց ոչ մի քաղաքական գործիչ:





























